Թերթի մասին
Եթե ձեզ հետաքրքրում է Հարավային Կովկասի տարածաշրջանը և ձգտում եք տեղյակ լինել այստեղ կատարվող իրադարձություններին, կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթը։ Եթե ձեզ հետաքրքրում են Հայաստանի ներքին իրադարձությունները, լինի դա քաղաքականության, տնտեսության, մշակույթի, թե սպորտի ոլորտում, կարդացեք «Գոլոս Արմենիի»։ Եթե ցանկանում եք իմանալ՝ ինչ են մտածում այդ ամենի մասին պաշտոնյաները և հասարակական գործիչները, կարդացեք «Գոլոս Արմենիի»։ Եթե դուք ապրում եք պատմական հայրենիքի սահմաններից դուրս և ջանում եք տեղյակ լինել համահայկական հարցերին ու իրադարձություններին, կարդացեք «Գոլոս Արմենիի»…
ՄԵՐ ԹԵՐԹԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳՐԵԹԵ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ՝ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՆ։ Մենք փորձել ենք պահպանել բոլոր այն մասնագիտական հատկանիշները, որոնցով փառաբանված էր Խորհրդային Հայաստանի ռուսալեզու ժուռնալիստիկան, և ձևավորել ու զարգացնել անկախ պետությանը բնորոշ մամուլի հմտություններ և ավանդույթներ՝ խոսքի ազատության ու կարծիքների արտահայտման պայմաններում։ Մեր երկրի հետ միասին մենք անցել ենք արմատական փոփոխությունների, Ղարաբաղյան պատերազմի, ավերմունքի և տնտեսական բարեփոխումների ողջ բարդագույն ժամանակահատվածը, ջանալով մշտապես հետևել բոլոր հարցերի նկատմամբ պետականամետ և հայամետ մոտեցման սկզբունքին։ Դժվար է եղել, երբեմն՝ անտանելի, հաճախ ցավոտ, իշխանությունների կողմից արհեստականորեն ստեղծված խոչընդոտների և խնդիրների պատճառով, այդ թվում՝ աշխատելու տարրական պայմաններից զրկման և դատական հետապնդումների տեսքով։ Բայց թերթը ոչ միայն գոյատևեց, այն ձևավորեց իր դեմքը, նվաճելով և օրըստօրե, համարից համար հաստատելով իր բարձր իրավունքը՝ կոչվելու «Գոլոս Արմենիի»։
Այսօր «Գոլոս»-ը հետխորհրդային տարածքում կայացած և երկրում առավել հեղինակավոր ռուսալեզու թերթերից մեկն է, որը տասնյակ հազարավոր ընթերցողներ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Մեզ կանոնավորապես կարդում են ոչ միայն թերթին նվիրված մարդիկ, այլև նրանք, ովքեր առանցքային հարցերում համամիտ չեն մեր դիրքորոշմանը, ովքեր երկար տարիներ շարունակ ընդդիմախոսել և դիմակայել են «Գոլոս»-ին։ Որովհետև թերթը միշտ ջանացել է իր էջերում ներկայացնել տարբեր կարծիքներ, ըստ որում հավատարիմ մնալով իր հայտարարած մասնագիտական և էթիկական արժեքներին՝ որակյալ և բարոյական ժուռնալիստիկային, որն աշխատում է ի նպաստ պետության և ժողովրդի։ Բնավ պատահական չէ, որ «Գոլոս»-ում տասնյակ տարիներ աշխատում են հայտնի լրագրողներ, որոնցից շատերը ոչ միայն կազմում են ժամանակակից հայ ժուռնալիստիկայի պարծանքը, այլև դրսևորել են սեփական տաղանդն ու ստեղծագործական ունակությունները այլ ոլորտներում։
ԱՀԱ ԱՐԴԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿ «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ»-ն իր ընթերցողների հետ է և հանդիսանում է երևելի «խաղացող» երկրի հասարակական դաշտում։ Այդ ընթացքում թերթն արժանացել է բազմաթիվ պարգևների ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Սակայն մեր թերթի համար, ինչպեսև ցանկացած պրոֆեսիոնալ ԶԼՄ-ի, գլխավոր պարգևն ու գլխավոր նվաճումը ընթերցողների կայուն ուշադրությունն ու վստահությունն է։ Մենք աշխատում ենք մեր Հայրենիքի և ձեզ համար, բարեկամնե՛ր։ Սրանք պարզապես բառեր չեն, սա հավատամք է։ Ցանկանում եք համոզված լինել, որ խմբագրությունը հավատարիմ է այդ հավատամքին՝ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթը և այցելեք մեր կայք։ Եվ եթե անգամ մեր և ձեր ձգտումներն ամեն ինչում չփոխադարձվեն, գլխավորն այն է, որ փոխադարձ լինի մեր ամենակարևոր ընդհանուր ձգտումը. հայության ու հայկական պետականության բարօրությունն ու հաջողությունները Հայաստանում և Արցախում։