ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ ԵՆ ՖԵՅՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՖԵՅՔԻ
Երեկ՝ հինգշաբթի օրը, պետք է տեղի ունենար կառավարության հերթական նիստը։ Այն չկայացավ։ Պատճառների մասին չի հաղորդվում։ Կառավարության կայքում վերջին հաղորդագրությունը թվագրված է նոյեմբերի 11-ով և վերաբերում Է կովիդի դեմ պայքարի համար Եվրամիության կողմից տրամադրվող օգնությանը: Եվ դա այն պայմաններում, երբ գործադիր իշխանությունը պետք է աշխատի շուրջօրյա, անընդմեջ, քանզի երկիրը բառացիորեն ջլատվում է իրապես ճակատագրական բազմաթիվ խնդիրներից։
Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին որեվէ տեղեկությունների բացակայության, նախ Պաշտպանության նախարարությունում, հետո ԱՄՆ դեսպանատանը նրա պատսպարվելու վերաբերյալ ԶԼՄ-ներում առկայծած տարբեր հաղորդագրությունների, պաշտոնական տեղեկատվության իսպառ բացակայության 3 օրերից հետո հանկարծ հաղորդագրություն հայտնվեց նախագահի հետ նրա հանդիպման մասին: Ընդամենը մեկ տող. քննարկվել է երկրում տիրող իրավիճակը։ Տպավորությունն այնպիսին է, որ դա սուտ է՝ ժողովրդին ցույց տալու համար, թե իբր Փաշինյանը տեղում է և նույնիսկ ինչ-որ բան է անում։ Իսկ թե հատկապես ինչ են քննարկել երկու պանծալի գործիչները՝ ժողովուրդը չպետք է իմանա։ Չպետք է իմանա այն ժողովուրդը, որը պատերազմի 43 օրերի ստրեսից հետո բացարձակ շոկի մեջ է սեփական իշխանության դավաճանությունից։
Հետո Փաշինյանը մտավ ուղիղ եթեր։ Եվ կրկին մեղադրեց բոլորին, բացի սեփական անձից։ Նա առաջվա պես վստահ է, թե ինքը ազգի փրկիչն է։ Համառորեն հրաժարվում է տեսնել ու լսել ժողովրդին, զոհված տղաների հարազատներին, խեղված ու հաշմանդամ դարձած զինվորներին, արցախցի 100 000 փախստականներին, որոնց իր մեկ ստորագրությամբ զրկեց բացարձակապես ամեն ինչից։ Նա անտեսում է բոլորին։ Նա տեսնում է միմիայն իրեն՝ Ֆեյսբուքում։ Նա հույս ունի մնալ իր իսկ ստեղծած ֆեյքերի կողմից կառավարվող երկրի ղեկին։ Չցանկանալով հասկանալ, որ շուտով երկիրը կարող է ընդհանրապես գոյություն չունենալ։
Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս Շուշան Ստեփանյանի, հերքել է երեկ երեկոյան Հայաստանի երկնքում թուրքական անօդաչու թռչող սարքի մասին լուրը: Չե՛մ հավատում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ լուսանկարով տեղեկատվությունը սոցցանցերում հրապարակել են բանիմաց մասնագետներ։ Այլ այն պատճառով, որ Պաշտպանության նախարարությունը՝ հանձինս Շուշան Ստեփանյանի և Արծրուն Հովհաննիսյանի, գիտակցաբար ստել է մեզ պատերազմի բոլոր 43 օրերին։ Իսկ մենք օրինապաշտորեն հավատում ու կոչ էինք անում մնացած բոլորին հավատալ և տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն, չանսալ լուրերին ու բամբասանքներին։ Եվ հայտարարում էինք, որ սրբորեն հավատում ենք մեր բանակին։
Բանակին մենք հիմա էլ հավատում ենք։ Մենք չենք հավատում բանակային պաշտոնյաներին, որոնք միտումնավոր ու սառնասրտորեն ստել են մեզ։ Այսուհետ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից բխող ցանկացած տեղեկատվություն կենթարկվի կասկածի, որքան էլ ցավալի է դա ընդունել։
Վերջին երկու խելահեղ օրերին կառավարության ընդամենը երկու ներկայացուցիչներ հանդես եկան հայտարարություններով. Տիգրան Ավինյանը և Էդուարդ Աղաջանյանը։ Երկու հայտարարություններն էլ լի էին սպառնալիքներով նրանց հասցեին, ովքեր համարձակվում են չհամակերպվել դավաճանությանը, Աղաջանյանի արտահայտությամբ՝ «հանցավոր խմբավորումներին»։ Այդ սպառնալիքներն արդեն իրականացվում են. անհամամիտների ձերբակալություններն ու կալանավորումները շարունակվում են։ Փոխանակ «ժողովրդական վարչապետը» դուրս գա ժողովրդի առջև ու փորձի իրական մարդկանց հետ խոսել իրականում, այլ ոչ թե Ֆեյսբուքի միջոցով, ամբողջ ժողովուրդը փաստացի հայտարարվում է «հանցավոր խմբավորում»։
Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ։ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու երեկվա փորձերը ձախողվեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից։ Ինչպես ասես, որ չէին հորդորում նրանց, աղաչում-պաղատում՝ անվտանգության երաշխիքներ տալով, որ մի՛ վախեցեք, ժողովուրդը ձեզ չի դիպչի... Ամեն ինչ ապարդյուն էր։ Ուշ երեկոյան խմբակցությունը մի կատարյալ ցինիկ փաստաթուղթ ծնեց, որում կրկնեց իր պարագլխի թեզերը, ինչպես նաև փաստացի թրոլինգ կազմակերպեց ընդդիմության և դավաճանությանը չհամաձայնողների հասցեին։ Առավոտյան պարզվեց, որ իշխող խմբակցության առնվազն մեկ պատգամավոր տեղյակ չի եղել ի թիվս մյուսների նաև իր անունից արված հայտարարությանը. բացի այդ, Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ պատգամավորների մեծամասնությունը նույնպես անտեղյակ է եղել:
Ավելի վաղ երկրի նախագահը հայտարարել էր, թե տեղյակ չի եղել երկրի ճակատագիրը հաշված րոպեների ընթացքում վճռած եռակողմ համաձայնագրի (կամ հայտարարության) մասին: Ուշադրություն դարձրեք. խմբակցության հայտարարության տեքստը, որի մասին պատգամավորների մեծամասնությունը տեղյակ չէր, հայտնվեց գիշերը։ Ինչպեսև եռակողմ հայտարարությունը։ Իշխանությունն ամեն ինչ անում է խավարի քողի տակ՝ այս բառի բոլոր իմաստներով, գաղտնի և առանց նույնիսկ իր համախոհներին տեղյակ պահելու։ Ասենք, Փաշինյանն ինքն է խոստովանել, որ հայտարարության տեքստը չի ներկայացրել խորհրդարան, քանի որ համոզված է եղել, որ այն չի ընդունվի։
Անվտանգության խորհուրդ, հե՜յ։ Դուք դեռ կա՞ք այդտեղ իրականում, թե՞ ինչպեսև մեր բուն անվտանգությունը՝ անցել եք վիրտուալ ռեժիմի։ Քարտուղարի պարագայում ամեն ինչ պարզ է, իսկ ԱԽ-ում այլ անդամներ չկա՞ն։ Դուք ընդհանրապես տեղյա՞կ եք, որ երկրի անվտանգությունը ահավոր սպառնալիքի տակ է։
Սոցցանցերն ու լրատվամիջոցները լի են հարցերով, տեսանյութերով, ասեկոսեներով ու բամբասանքներով։ Գլուխ չես հանում արդեն՝ որն է ճշմարտություն, իսկ որը՝ սուտ: Ֆեյքը ֆեյքի վրա՝ կառավարվելով ֆեյքի կողմից։ Չեն խորշում ֆեյքել նույնիսկ մեր զինվորներին, տեղադրելով իբր առաջնագծից զինվորների ուղերձով տեսահոլովակ, կոկիկ ու մաքուր համազգեստով, սափրված ու լողացած, այն էլ իբր մի տարածքից, որտեղ վաղուց ինտերնետ չկա։ Թե կա մի բան, որ իսկապես հաջողվեց իշխանություններին, ուղեղների լվացման զօրուգիշեր աշխատող ֆաբրիկա ստեղծելն է՝ օգտագործելով ամենազազրելի, ամենանսեմ տեխնոլոգիաներն ու մեթոդները։ Ինչի՞ մասին կարելի է խոսել, եթե Նիկոլին ամեն գնով արդարացնելու փորձերով հորինում են նողկալի սուտը «կնոջ ու որդու գերեվարման» մասին, այն մասին, թե «Քոչարյանն է (Սարգսյանը) ստիպել նրան ստորագրել հայտարարությունը» և այլ անհեթեթություններ…
Լսեք, հասկանալի է, որ ձեր շեֆը հոգեկան հիվանդ է։ Բայց մի՞թե դուք բոլորդ նույնպես հոգեգար եք։ Թե՞ հույս ունեք այս ամենից հետո էլ մնալ կերամանի մոտ։ Ի՞նչ կերաման, եթե երկիրն այլևս չլինի: Թե՞ ձեզ երկիրն էլ պետք չէ. միայն թե փախչեք՝ թալանածով հանդերձ։
Մի ամբողջ շաբաթ սոցցանցերում տեղեկություններ են շրջում այն մասին, որ «Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարները գործնականում սպառվել են։ Ասել է թե՝ պատերազմի վրա ծախսվել է օրական 20-30 մլն դոլար, և ամբողջը վերջացել է։ Այդ մասին գրում են բնավ ոչ պատահական մարդիկ, այլ նրանք, ովքեր վերջին շաբաթների ընթացքում զբաղվել են արցախցի փախստականներին օգնություն ցուցաբերելով։ Պետական կառույցների փոխարեն, ի դեպ։ Որպես ապացույց ներկայացնում են հիմնադրամից ստացած էլեկտրոնային նամակները։ Ոչ մի անգամ հիմնադրամի ղեկավարությունը հանդես չի եկել պարզաբանումներով։ Չկա ո՛չ հերքում, ո՛չ էլ տեղեկատվություն այն մասին, թե ինչի վրա է ծախսվել հավաքված ավելի քան 160 միլիոնը, որ միասնական պոռթկումով ուղարկել են հայերը ողջ աշխարհից՝ անկեղծորեն հավատալով, որ օգնում են իրենց հայրենիքին։ Արցախի վերականգնման համա՞ր։ Որպեսզի հետո թշնամո՞ւն թողնվի վերականգնածը։
Հայաստանում մնացե՞լ է որեվէ իրական բան, բացի խաբված ու ցասումով լեցուն ժողովրդից։ Իշխանության մեջ մնացե՞լ է որևէ իրական, ոչ վիրտուալ բան։ Եթե վարչապետը վստահ է, թե ինքը իրավացի է, ինչո՞ւ դուրս չի գալիս ժողովրդի հետ հանդիպման։ Եթե իր պատգամավորները համարում են, թե իրենք իրավացի են, ինչո՞ւ չեն հավաքվում արտահերթ նիստի։ Ինչո՞ւ են անջատում հեռախոսները կամ չեն պատասխանում զանգերին:
Ֆեյքերի կողմից կառավարվող երկրում աշխատում է միայն բռնաճնշիչ ապարատը։ Հավաքում ու ձերբակալում են ընդդիմության առաջնորդներին՝ բողոքի ակցիաները գլխատելու համար։ Կամայականությունն իրական է, դիկտատուրան՝ նույնպես։
Իշխանության պատգամավորներ, մի՞թե դուք դեռ հույս ունեք, թե ամեն ինչ վերադառնալու է ի շրջանս յուր, և դուք կրկին անխռով նստելու եք ձեր աթոռներին, կոճակներ սեղմելու, գործուղումների մեկնելու և պարգևավճարներ ստանալու: Պարոնայք նախարարներ, դո՞ւք էլ եք հույս փայփայում, թե շարունակելու եք ձեր խաղաղ, ապահով կյանքը: Նիկոլի երկրպագուներ, խելքներդ թռցրե՞լ եք, թե՞ ի սկզբանե խելազուրկ եք եղել:
Երկիրը վերածում են ֆեյքերի կողմից կառավարվող ֆեյքի։ Մինչդեռ թուրքերը շրջապատում են Հայաստանը բոլոր կողմերից, իսկ սոցցանցերում շարունակվում են կատաղի տեմպերով տիրաժավորվել իրենց կուռքին ատամներով պաշտպանելու պատրաստ զոմբիների զրպարտանքները, ապատեղեկատվությունը, կատարյալ զառանցանքն ու լայվերը։ Առանց հասկանալու, որ վաղը թուրքը մտնելու է իրենց տուն և, դատելով ամենից, մեզ դրա համար տրված է բնավ ոչ մեկ տարի, ոչ էլ նույնիսկ կես։ Դա տեղի կունենա շատ շուտով։ Եվ ոչ միայն մեզ՝ հասարակ քաղաքացիներիս հետ, այլև բոլորի, քանզի նույնիսկ դիվանագիտական անձնագրերով կովիդի ժամանակաշրջանում փախչել չեն կարող։
Եթե իշխանության մեջ կան համարժեք ու մեղսունակ մարդիկ, ուշքի՛ եկեք։ Քանի դեռ ուշ չէ, ստիպեք ձեզ վերադառնալ իրական աշխարհ, ոչ թե ձեր ֆեյքերի նկարած տիրույթ: Փրկե՛ք ձեր հոգիները դավաճանության անասելի մեղքից։ Փրկե՛ք մեր երկիրը ֆեյքերից ու ձեր ֆեյսբուք-վարչապետից: Փրկե՛ք ձեր զավակներին այն միլիոնավոր կենդանի մարդկանց անեծքից, որոնց ձեր հիվանդ ու ցինիկ երևակայության մեջ վերածել եք ֆեյքերի և փորձում եք վիրտուալ կառավարել նրանց։