Լ.Տ.-Պ. «ԱՆՆԵՐԵԼԻ ՀԱՆՑԱՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ ձերբակալվել են ընդդիմադիր 10 գործիչներ. Գագիկ Ծառուկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Սուրեն Սուրենյանցը, Գեղամ Մանուկյանը, Դավիթ Համբարձումյանը, Արա Սահակյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը։ Համաձայն վերջին տվյալների՝ ձերբակալվել են նաև Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը, Արա Հակոբյանը։ Բոլորին ճաղերի հետևում փակելու տխմար հույսով՝ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունները քաղաքացիական պատերազմ են հրահրում։ Այն, որ Փաշինյանը սադրանքի վարպետ է, բոլորին հայտնի է առնվազն 2008-ի մարտի 1-ից։ Այնպես որ այսօր ընդդիմության երթի ժամանակ սադրանքները գրեթե անխուսափելի են։

Հա, ի դեպ, ջերմ ողջույններ Ստյոպա Սաֆարյանին, Ստեփան Գրիգորյանին, Լևոն Շիրինյանին, Տիգրան Խզմալյանին, Լևոն Բարսեղյանին, Արթուր Սաքունցին, Արամ Աբրահամյանին, Հակոբ Բադալյանին, Սասուն Խաչատրյանին, Պետրոս Ղազարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Թաթուլ Հակոբյանին, Արման Բաբաջանյանին, Լիլիթ Մակունցին, «Ազատություն» ռադիոկայանին՝ ողջ համերաշխ կազմով: Ո՞րն է խնդիրը: Այդ ի՞նչ հոգեկան ապրումներ են: Շարունակեք նույն ոգով, թանկագիններս։ Ի վերջո, Հադրութն ու Շուշին դեռ ամենը չեն։ Կան նաև Ստեփանակերտը, Մեղրին, Սյունիքը, ամբողջ Հայաստանը... Այսինքն դեռ մեծ տարածք կա աշխատանքի համար։ Ձեր կյանքին կբավականացնի։ Ամեն ինչի համար կվարձատրվեք։

Թվարկվածներից մեկն այսօր գրում է, թե՝ մենք մազոխիստներ չենք, որ վերադարձնենք նախկին իշխանություններին։ Չգիտեմ ՝ կվերադառնան նախկինները, թե ոչ, ուզում են վերադառնալ, թե ոչ ։ Բայց դուք, այո, մազոխիստներ եք. մինչև հիմա չեք ուզում ընդունել, որ նախկինները ձեզ թողել էին կայացած երկու պետություններ։ Մեկը դուք ոչուփուչ արեցիք, երկրորդն ընթացքում է։

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում փորձում է արդարացնել իշխանությունների գործողությունները, արատավորել ընդդիմությանը և, Փաշինյան-Հակոբյան լրագրողական դուետի ոճով՝ նենգափոխում Փաշինյանի հրաժարականի պահանջը ռուս խաղաղապահների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի հարցի…

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ… Խորհրդարանական մեծամասնության հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իբրև-թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում»։ Այս հայտարարության հեղինակը բնավ դաշնակցականները չեն, ոչ էլ հանրապետականները, Վանեցյանը կամ Քոչարյանը... Այս հայտարարության հեղինակը ձեր Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ն է... Քանզի պետք է բացառիկ բթամիտ լինես, որ չհասկանաս. միայն վարչապետի հրաժարականն է իրավիճակը շտկելու հնարավորություն տալիս, միմիայն հրաժարականը

ԵՎ ԷԼԻ ՄԻ ԲԱՆ։ Ներեցեք, հանրապետականներ, բայց հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում այսօր, կուզենայի տալ մի անհարմար, բայց կարևոր հարց. «Ո՞րն էր ավելի փոքր չարիք. 2008-ի մարտի 1-ը, թե՞ 2018-ի ապրիլի 23-ը»։

Դե, և վերջում՝ զավեշտի շարքից. Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ախ, ի՜նչ հիասքանչ է դա, չէ՞ որ առհասարակ տարօրինակ է, որ նախագահի այն հայտարարությունից հետո, թե ինքը մամուլից է իմացել՝ ինչ է ստորագրել Փաշինյանը, նրան մինչ այս պահը մեղադրանք չի ներկայացվել 225.1 հոդվածի 1-ին մասով։