Wargonzo. Ադրբեջանը խնդրել է ՌԴ ՊՆ-ին Շուշի տանող միջանցք ապահովել իրենց համար

Ադրբեջանը խնդրել է ՌԴ Պաշտպանության նախարարությանը իրենց համար միջանցք ապահովել դեպի Շուշի, հայտնում է @wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով աղբյուրները ՌԴ ՊՆ-ում:

«Ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում ոչ մի մուտք դեպի քաղաք: Այսինքն, հիմա հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել և հասնել Շուշի: Միակ հնարավոր երթուղին հատուկ ջոկատայիններինն է: Հադրութից` այն նույն «դժոխային կիրճով»: Սակայն այնտեղ նույնիսկ հողային ճանապարհ չկա, թրթուրավոր տեխնիկայի թողած անվածիրից բացի, որն Ադրբեջանի Զինված ուժերը հենց հիմա մտցնում են Շուշի: Հենց այս պատճառով քաղաքից դեռ ոչ մի քաղաքացիական ռեպորտաժ չկա. այնտեղ հասնել հնարավոր չէ: Ադրբեջանն, իհարկե, «դժոխային կիրճով» նորմալ ճանապարհ կկառուցի: Որոշ ժամանակ հետո: Սակայն «վերահսկողությունը» քաղաքի վրա դեռ նոմինալ է մնում: Որքանով հայտնի է @wargonzo նախագծին, ՌԴ ՊՆ-ն չի նախատեսում համաձայնագրով չնախատեսված լրացուցիչ տրանսպորտային միջանցքներ տրամադրել ադրբեջանական կողմին»,- նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը: