Հադրութցիները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հարդութցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿի-ի գրասենյակի դիմաց: Նրանք վանկարկում են. «Վերադարձրեք մեր Հադրութը»:

 

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պատերազմը կանգնեցվեց ամենադաժան ու անհասկանալի ձևով, և այն վիճակը, որ հիմա մենք ունենք, դրա հետ հաշտվել ու համակերպվել դժվար է: Հադրութցիները հավաքվել են, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն հմապատասխան ատյաններին, հիմնականում դեսպանատներին ենք դիմել, այսօր ՄԱԿ-ի գրասենյակ ենք եկել, որպեսզի այս ագրեսիան Հադրութի նկատմամբ չեզոքացվի: Գոնե բանակցային սեղանին այդ չարաբաստիկ փաստաթղթի տրամաբանությունից հանվի Հադրութը, որովհետև այս տարիների ընթացքում, բանակցային ողջ գործընթացներում եթե փոխզիջումների մասին խոսք գնացել է, Հադրութը երբեք այդ տրամաբանության մեջ չի մտել: Հակաբնական վիճակ է և մենք պայքարում ենք դրա դեմ: Հադրութը իսկապես շատ կարևոր քաղաքկրթական հանգուցյ է, այնտեղ բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ կան, աշխարհի հնագույն հնավայր Ազոխը նույնպես գտնվում է Հադրութում: Այնպես որ Հադրութը թողնել ագրեսիայի տակ, աններելի է: Մենք ուզում ենք մեր ձայնը բարձրացնել, չլռել, չհամակերպվել եղած իրողության հետ, որովհետև այսքան տնանկ հադրութցիներ վերադառնալու տեղ չունեն:

Նրանք ուզում են վերադառնալ Հադրութ»:

Նա տեղեկացրեց, որ այսօր լինելու են նաև Երևանում ԵԽ գրասենյակի մոտ, նաև դիմելու են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ԱԳՆ. «Որպեսզի հասկանանք, թե ինչ տրամաբանությամբ է շարժվելու պատերազմի հետևանքների հանգուցալուծումը: Նամակներ ենք պատրաստել, փոխանցելու ենք: մեր պահանջն է Հադրութը դեօկուպացնել և ինչ-որ տարբերակ առաջարկել հադրութցիների համար, որովհետև նրանք լրիվ անորոշության մեջ են»:

Հադրութցի Արփի Վանյանն էլ հավելեց. «Եթե փաստաթուղ ենք ստորագրում, որտեղ Աղդամը հետ ենք վերադարձնում, գոնե դրա փոխարեն մեզ իրավունք վերապահենք պահանջել Հադրութը: Իմ հայրիկի, մայրիկի գերեզմաններն են այնտեղ, ես չեմ հաշտվում այդ մտքի հետ, որ կարող է այլևս այնտեղ չգնամ ու ծաղիկ չդնեմ իրենց գերեզմաններին: Դա անմարդկային է, դա չպիտի թույլ տալ: Մենք կույր ու խուլ աշխարհին այնքան կասենք, մինչև աշխարհը որոշի լսել մեզ»:

Մեկ այլ հադրութցի կին էլ ասաց. «Մենք թողել են մեր տները։ Ինչո՞ւ նա ստորագրեց դա, հարցրե՞լ էր մեզ։ Ես հիմա ո՞ւր եմ գնալու, գնամ հորս գերեզմանին, ինչ ասեմ։ Ես կրկին թողեցի տունս։ Ինչու տվեցիք Հադրութը», տեղեկացնում է News.am: