ԼԺՀ-ն հայտարարել է Դոնբասից Ղարաբաղ ուկրաինացի ուժայինների արտահոսքի մասին

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայի վարչության ղեկավար Յան Լեշչենկոն ճեպազրույցում ասել է, որ ԼԺՀ-ի պաշտպանական գերատեսչությունը տեղեկություններ ունի Դոնբասում համատեղ ուժերի գործողության գոտուց ուկրաինացի ուժայինների` ղարաբաղյան հակամարտության գոտի արտահոսքի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Զինյալների` ռազմական բախումների գոտիներ տեղափոխումը կազմակերպող արմատական շարժումների ակտիվացումը մուսուլման զինվորականների լուրջ արտահոսքի է հանգեցրել ուկրաինական բանակից: Միայն հոկտեմբերին ավելի քան 700 զինծառայող է ազատվել Ուկրաինայի զինված ուժերի շարքերից»,- հայտարարել է Լեշչենկոն:

Նա պարզաբանել է, որ ավելի վաղ Ժողովրդական միլիցիան բազմիցս հայտնել էր մի շարք ահաբեկչական խմբավորումներից զինյալների` երկիր ժամանելու մասին` «Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների պատրաստման և գաղափարական նախապատրաստման» և հետագայում նրանց ռազմական բախումների գոտիներ տեղափոխելու համար:

«Այդպես, նոյեմբերի 10-ին ՈւԱԾ-ի սպաների կողմից 80 հոգանոց բրիգադից (Ուկրաինայի զինված ուժերի) մի խումբ թաթար զինծառայողներ են բերման ենթարկվել` թվով ութ մարդ, ովքեր ինքնակամ լքել են զորամասը և պատահական ավտոմեքենաներով փորձել են հասնել Օդեսա, որտեղ նրանց պետք է տեղափոխեին Ադրբեջան` հետագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մեկնելու համար»,- հավելել է հանրապետության Ժողովրդական միլիցիայի վարչության պետը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ, ԼԺՀ-ի տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններն ակտիվորեն տեղափոխվում են Ղարաբաղի հակամարտության գոտի, ընդ որում, խոսքը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ զինյալների ներկայությունը Ղարաբաղում թեժ հակամարտության գոտում մեծ վտանգ է ներկայացնում և Մոսկվայի խորը անհանգստության պատճառ է հանդիսանում, տեղեկացնում է News.am: