Արցախում մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը

Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

«Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման կարևոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ գործուն մասնակցության համար», – նշել է Արայիկ Հարությունյանը Facebook–յան իր էջում:

Ինչպես հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործուն մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակում:

«ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը երկու կողմի համար կարևորել է այդ առաքելությունը, ընդգծել, որ ծառայությունը պատրաստ է մարդասիրական նպատակներով ցանկացած աշխատանքի: Օրվա երկրորդ կեսին փրկարարական մի քանի ջոկատներ իրենց անմիջական մասնակցությունն են բերել դիերի որոնման և փոխանակման գործում: Փրկարարների հումանիտար աշխատանքը տեղում համակարգել է Կարեն Սարգսյանը՝ համագործակնցելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԿԽՄԿ առաքելության պատասխանատուների հետ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: