Հայաստանը դիմել է միջազգային մարմիններին՝ պահանջելով կանխել մշակութային վանդալիզմը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ, հնավայրեր, որոնց պահպանությունը վտանգված է։

«Հաշվի առնելով նախկինում Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգություն համարվող արժեքների միտումնավոր ոչնչացման (արդեն առկա են վանդալիզմի ապացույցներ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դեպքում), ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին՝ պահանջելով հավատարիմ մնալ ստանձնած առաքելությանը, ձեռնարկել գործուն և վճռական քայլեր՝ կանխելով ու դատապարտելով ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները»,-ասված է հայտարարության մեջ: