Անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնման աշխատանքները վերսկսվել են
ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Նոյեմբերի 14-ին, մինչև ուշ գիշեր, ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները։ Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։