Գազետա.Ru․ «ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է». ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվում է իր կարիերայում ամենալուրջ մարտահրավերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության հարցում Երևանի և Բաքվի միջև կնքված հայտարարության դեմ զանգվածային բողոքի ցույցերի հետ: Կապիտուլյացիայից վրդովված քաղաքացիները պահանջում են կառավարության ղեկավարի հրաժարականը՝ չնայած նրա հավաստիացմանը, որ հրադադարից հրաժարումը սպառնում էր շատ ավելի տխուր հետևանքներով: Ինչպե՞ս ռազմական պարտությունը կանդրադառնա երկրի ներքին քաղաքականությանն ու արժե՞ արդյոք սպասել Հայաստանում իշխանափոխության, պարզաբանում է Գազետա.Ru-ն:

Վարչապետի ձախողումը

Երևանի և Բաքվի հետ ստորագրված հայտարարության համաձայն՝ ԼՂՀ-ում հաջողվել է պահպանել տարածքի շուրջ մեկ երրորդ մասը: Հայաստանը հրաժարվել է ոչ միայն հարավում տարածքից, որը չճանաչված հանրապետությունը կորցրել էր վեցշաբաթյա պատերազմի հետևանքով, սակայն նաև իր երկու շրջանները հյուսիսում, որտեղ ադրբեջանական ուժերը դեռևս չէին հասցրել մտնել:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կովկասի բաժնի առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը, հայկական կողմն իսկապես պարտվել է տակտիկական ծրագրում: Եթե նայենք տարածաշրջանի քարտեզին նախքան պատերազմն ու դրանից հետո, ապա կարելի է անգամ համաձայնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որ դա գրեթե կապիտուլյացիա է:

«Հայաստանում ամենախոշոր ներքաղաքական ձախողումն է իր անկախության ողջ պատմության ընթացքում:

Դա ուղղակիորեն կանդրադառնա ներքաղաքական իրավիճակի վրա, քանի որ բնակչությունը դժգոհ է և վիրավորված երկրի ղեկավարության կողմից ստի պատճառով: Փաշինյանը փորձում է արդարացնել ինքն իրեն և մեղավորներ է փնտրում, սակայն լավագույն վիճակում չի գտնվում»,-նշել է փորձագետը:

Մուխանովի կարծիքով՝ ներկայում Հայաստանի վարչապետի դեմ է միաժամանակ չորս գործոն: Նախ, վեցշաբաթյա հակամարտությունում Հայաստանի ակնհայտ տակտիկական պարտությունը, որին Երևանը շատ վատ է նախապատրաստվել՝ լիարժեք զորահավաք չի կատարվել, ինչպես նաև հայկական բանակի ռեգուլյար զորքերը ներքաշված չէին մարտերում:

Այնուհետև, մարդկանց հիասթափությունը հակամարտության շուրջ ապատեղեկատվության պատճառով: Վառ օրինակ է Շուշիի գրավումը: Քաղաքը վերահսկողության տակ մտնելու մասին Բաքվի հայտարարությունից հետո Երևանը երկու օրվա ընթացքում համոզում էր ժողովրդին, որ տարածքի համար մարտերը շարունակվում են:

Մյուս գործոնն այն է, որ Փաշինյանի համար խնդիրներ կավելացնի ԼՂՀ երկու հյուսիսային շրջանների՝ Քարվաճառի և Լաչինի անցումը Ադրբեջանի հսկողության տակ: Այդ շրջաններից փախստականները գալիս են Հայաստան, և նրանք հավանաբար կներքաշվեն Փաշինյանից դժգոհ քաղաքացիների շարքերում՝ լրջորեն ամրապնդելով դրանք:

և, ի վերջո, վերջին գործոնը, ըստ Մուխանովի, վերաբերում է հայկական սփյուռքին, որի ներկայացուցիչները չափազանց դժգոհ են Հայաստանի վարչապետից, քանի որ ներդրել են հարյուր միլիոնավոր դոլարներ հակամարտության էսկալացիայի ժամանակ: Սակայն դժգոհ են վերջնական արդյունքով:

«Ընդդիմությունը փորձում է սանձել բողոքավոր տրամադրությունների բռնկումը, և Փաշինյանը կարող է դուրս թռնել իր աթոռից: Հավանաբար, կկրկնվի 2018 թվականի սցենարը, երբ փոխվել էր կառավարության ղեկավարն ու իշխող ուժը: Ըստ ամենայնի՝ Փաշինյանի իշխող կոալիցիան կարող է կորցնել իր մենաշնորհային դիրքը նրա հետ միասին»,-ընդգծել է փորձագետը:

Առաջիկա հրաժարակա՞ն

Քաղաքագետ, Հարավային Կովկասի գծով փորձագետ Անդրեյ Արեշևը նշում է, որ ներկայում բավականին դժվար է խոսել Փաշինյանի առնվազն միջնաժամկետ հեռանկարների մասին, քանի որ իրավիճակն անդադար զարգանում է և կարող են նոր իրողություններ տեղի ունենալ:

«Մենք գիտենք, որ գործող կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից՝ չնայած բողոքի ալիքն աճում է: Այն, հավանաբար, առաջիկայում միայն կուժգնանա այն կործանիչ հետևանքների գիտակցումից, որոնց հանգեցրել է հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին վարչապետի և նրա շրջապատի ոչ հմուտ կառավարումը»,-ասել է փորձագետը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը նույնպես չի բացառում Փաշինյանի հրաժարականը, քանի որ նրա դեմ է տրամադրված ոչ միայն Հայաստանի բնակչության մի մասը, այլ նաև «Իմ քայլը» դաշինքի բազմաթիվ պատգամավորներ:

«Հավանաբար, վարչապետի հրաժարականն անխուսափելի է, սակայն դեռևս հայտնի չէ՝ ով կարող է փոխարինել նրան:

Ամենայն հավանականությամբ՝ դա չի լինի Հայաստանի նախկին նախագահներից և ոչ մեկը: Ղարաբաղն աստիճանաբար կդառնա պակաս սուր թեմա հանրապետությունում՝ չնայած ժողովուրդը դժգոհ է տեղի ունեցածով: Փաշինյանի հրաժարականից հետո բողոքի ցույցերը կմարեն, առավելևս մոտեցող ձմեռն ամենաբարենպաստ ժամանակը չէ ցույցերի համար»,-հայտարարել է փորձագետը:

News.am