Փարիզը հնարավոր է Թուրքիայի նկատմամբ որոշ տնտեսական պատժամիջոցներ կիրառի

Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Քլեմենտ Բոնը հնարավոր է համարում տնտեսության որոշ ոլորտներում Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը: Համապատասխան հայտարարությունը նա արել է կիրակի օրը CNews հեռուստաալիքին, Europe 1 ռադիոկայանին և Les Echos թերթին տված հարցազրույցում:

«Հնարավոր են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ տնտեսության որոշ ոլորտներում»,-ասել է նա և հավելել՝ քննարկվում են «բոլոր տարբերակները»: Միաժամանակ, դիվանագետը շեշտեց, որ «արդյունավետ չի համարում» Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության վերացումը:

Նա նաև մատնանշել է, որ Ֆրանսիան «միայնակ չէ Թուրքիայի առաջ»:

«Այսօր ոչ մի եվրոպական երկիր հատուկ պատրանքներ չունի Թուրքիայի նախագահ Էրդողանի ռեժիմի նկատմամբ», -շեշտել է Բոնը՝ հավելելով , որ դեռ վաղ է որևէ կոնկրետ որոշում կայացնել։ «Մեր բոլոր գործընկերները քվեարկելու իրավունք ունեն»,- – ասել է ֆրանսիացի դիվանագետը :

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Եվրամիությունն արդեն նախազգուշացրել է Թուրքիային, որ դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում «Թուրքիայի իշխանությունների դեմ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ», եթե Թուրքիան չփոխի իր վարքագիծը: Նրա խոսքով ՝ «կա հնարավոր պատժամիջոցների մի ամբողջ ցուցակ»: