Ռուս խաղաղապահները Ղարաբաղում դիտակետ են տեղակայել Դադիվանք վանական համալիրի մոտ

Ռուս խաղաղապահ զորակազմը տեղի բնակիչների խնդրանքով դիտակետ է տեղակայել Ղարաբաղի Քելբաջարի (Քարվաճառի) շրջանում Դադիվանք վանական համալիրի մոտ։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից տեղական վարչակազմերի հետ փոխգործակցություն է կազմակերպվել համայնքների կրոնական դավանանքների հարցերի լուծման համար։ Տեղի բնակիչների խնդրանքով ռուս խաղաղապահների կողմից դիտակետ է տեղակայվել Քելբաջարի շրջանում գտնվող հնագույն քրիստոնեական համալիր Դադիվանքի մոտ»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ մշակվում է վանական համալիր ծխականների ազատ այցելության հարցը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայումն ընթանում է նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղում կրակի լիակատար դադարեցման մասին համատեղ հայտարարության մեջ գրանցված պայմանավորվածությունների համաձայն։ Նախատեսվում է, որ այնտեղ ընդհանուր առմամբ տեղակայվելու է 1 960 զինծառայող՝ տեխնիկայով։ Խաղաղապահ գործողության հրամանատարական կետը տեղակայված է Ստեփանակերտում, տեղեկացնում է News.am։