Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԳԼԽԱՎՈՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ Է
17 քաղաքական ուժերը դեռ որոշում չեն կայացրել, թե ով է լինելու այն անձը, որը բանակցություններ կվարի Ղարաբաղի վերաբերյալ արդեն ստորագրված եռակողմ հայտարարության փոփոխությունների շուրջ: Այս մասին Երևանի Ազատության հրապարակում Հայաստանի «5-րդ ալիք»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, հայտնում է Yerevan today-ը:
Նա նշեց, որ այս պահին գլխավորը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:
«Այս փուլում մեզ համար գլխավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, ուստի կուսակցությունների ներսում նոր բանակցողի կոնկրետ անունը դեռ չի քննարկվել:
Իմ անձնական կարծիքով, անհրաժեշտ է որոշել այն չափանիշները, որոնց այդ անձը պետք է համապատասխանի, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս նպաստել ազգային շահերին բանակցային գործընթացում՝ հաշվի առնելով ամենադժվար իրավիճակը, որում այժմ հայտնվել ենք»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը և դրանում հնարավոր փոփոխություններին, Ղազինյանը նշեց, որ հայկական կողմը մանևրելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ գործ ունենք արդեն ստորագրված փաստաթղթի հետ:
«Պետք է հիշել նաև, որ բացի Նիկոլ Փաշինյանի ստորագրությունից, կա նաև ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը, հետևաբար չհարգել այդ փաստը մենք չենք կարող:
Կարելի էաշխատանք տանել Շուշիից, Հադրութից ադրբեջանական զորքերը դուրս բերելու, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքները ազատագրելու, և Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը օրակարգում ներառելու ուղղությամբ:
Կարծում եմ, որ դրանք հարցեր են, որոնք հնարավոր է լուծել գրագետ դիվանագիտական աշխատանքի միջոցով»,- ասաց քաղաքական գործիչը:
Ղազինյանի խոսքով, սակայն, դրա համար նախ անհրաժեշտ է վերականգնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված մեր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ: