Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՀԱՅՏՆԻ ՕԼԻԳԱԽՆԵՐԻՑ 2-Ը ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՖԵՅՔԵՐԻՆ
Այսօր քննարկվելու է մեկ հարց. միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը. բայց մենք տեսանք, թե ինչպես իրենց պահեցին «Իմ քայլի» մեր գործընկերները. մարդիկ պատրաստ չեն ընդունել պատասխանատվությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է պատմության մեջ մնալ միակ ղեկավարը, որը ստորագրելով Արցախը հանձնելու, Արցախը թուրքի առաջ ծնկի բերելու կապիտուլացիոն համաձայնագիրը՝ շարունակել ամեն գնով պաշտպանել իշխանությունը: Մեզ փորձում են մեղադրել, թե մենք իշխանություն ենք ուզում, դա սուտ է, ապատեղեկատվություն է, որևէ քաղաքական ուժ, որն այսօր հասկանում է, թե ինչ ծանր բեռ է ժառանգելու Նիկոլ Փաշինյանի ավիրածություններից հետո, իշխանություն չի ուզում, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի այն հրապարակումը, թե խաղաղ գործընթացի որևէ փուլում երբեք չի եղել Շուշիից հրաժարվելու հարց: «Սա զարհուրելի է, երբ մարդիկ փորձում են կյանքի գնով պահել իշխանությունը: Գիտե՞ք, արդեն իրենց ֆեյքերը չեն որոշելու, Նիկոլ Փաշինյանի անունն արդեն գրվել է Գետադարձի, Մելիք Ֆրանգյուլի անունների կողքին և իրենց ֆեյքերը չեն, որ փորձելու են սրբագրել և խմբագրել պատմությունը»:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ԱԺ-ի դահլիճում որևէ այլ օրակարգ չի քննարկվելու, բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից, իսկ Նիկոլ Փաշինյանը որևէ օրակարգ չպետք է որոշի: Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հայտարարության մասին, վերջինս ընդգծեց՝ իշխանական ֆեյքերը նաև գրոհ են սկսել Արմեն Սարգսյանի դեմ:
Նաիրա Զոհրաբյանը նաև մի «լավ լուր» հայտնեց. «Հիշում եք, ես իմ էջում տեղադրել էի 4 օլիգարխների անուններ, որոնք ֆինանսավորել են այս ամբողջ խայտառակ, խուլիգան ֆեյք-ինդուստրիաները, որոնցից մեկը կոորդինացվել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Ասեմ, որ այդ օլիգարխներից երկուսը փակել են իրենց ֆեյք ինդուստրիաները: Նկատել ենք, որ երեկվանից ֆեյքերի գրոհը որոշակիորեն պակասել է: Բայց դա նրանց չի ազատելու պատասխանատվությունից: 2,5 տարի այդ մարդիկ ֆինանսավորեցին Հայաստանում ավեր, թշնամանք, ատելություն, ընտանիքներում հորը որդու դեմ հանել: Նրանք բոլորը պիտի տան պատասխան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ ֆեյք-ինդուստրիան ֆինանսավորող 4 օլիգարխներն են Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը և Վիգեն Բադալյանը: