ՊՈՒՏԻՆ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՊԱՐԶ ՉԷ

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի պարզվել, Մոսկվան այդ հարցում պահպանելու է ստատուս–քվոն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Sputnik Armenia:

«Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջեվ նորմալ հարաբերություններ լինեն, հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հավելել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանի նախագահն նշել է, որ ԼՂ համաձայնությամբ հասել են ամենակարևոր քայլին` արյունահեղության դադարեցմանը։

«Ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք դադարեցնել արյունահեղությունը: Այս պատերազմում ավելի քան 4 հազար մարդ զոհվեց միայն պաշտոնական տվյալների համաձայն։ Կարծում եմ` իրական թիվն ավելի մեծ է: Լեռնային Ղարաբաղին ժամանակ է պետք, որպեսզի խաղաղ կյանքը վերադառնա, վերքերը դեռ չեն ապաքինվել», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ասել է, որ հայ–ադրբեջանական հակամարտությունը սկսել է դեռևս 1988 թվականից` Սումգայիթում հայերի ջարդերով։ Հետո նոր սկսել է խնդիրը հենց Լեռնային Ղարաբաղում։

«Ես չեմ ուզում ոչ մեկի կողմը բռնել, բայց պետությունը պետք է պաշտպաներ խաղաղ բնակչությանը։ Դա չի եղել, և հայերը ստիպված զենք են վերցրել, որ իրենց պաշտպանեն», – ասել է Պուտինը։

Լեռնային Ղարաբաղը տարիներ շարունակ հարվածի տակ է եղել, և աշխարհում ոչ մի երկրի, այդ թվում Հայաստանի կողմից չճանաչվելը միայն նպաստել է դրան։

«Եկեք ուղիղ խոսենք` տարիներ առաջ, երբ Վրաստանի նախկին հանցավոր իշխանության կողմից հարվածներ հասցվեցին ռուս խաղաղապահներին Հարավային Օսեթիայում և Աբխազիայում, Ռուսաստանը ճանաչեց այդ երկրների անկախությունը։ Մենք նաև ընդունել ենք Ղրիմի բնակչության ինքնորոշումը և ՌԴ–ին միանալու ցանկությունը։ Այդ քայլերով մենք պաշտպանել ենք տեղի բնակչությանը։ Մենք չենք ամաչում դրա մասին խոսել, չենք մտածել` ով ինչ կասի։ Ղարաբաղի դեպքում նման քայլեր չեն արվել, ինչը խորացրել է այնտեղ կատարվող իրադարձությունները», – ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` ԼՂ ճանաչումը Հայաստանի և այլ երկրների կողմից կարող էր զսպող հանգամանք լինել և պաշտպանել տեղի բնակչությանը։

Անդրադառնալով Երևանում մեկ շաբաթ իրականացվող հանրահավքներին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունը ստորագրելուց հետո հանրության մի մասի կողմից դավաճան կոչվելուն` Պուտինը ասել է, որ նման կոչերը անհիմն են։

«Փաշինյանին դավաճան անվանելը ընդհանրապես հիմքեր չունի։ Այլ բան` նա ճիշտ է վարվել, թե ոչ, բայց դավաճանության մասին մեղադրանքներն անհիմն են», – ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի։ Փաշինյանը կտրուկ դեմ էր դրան։

«Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էր Փաշինյանը դեմ դրան, քանի որ խոսքը վերաբերում էր խաղաղ բնակիչներին, Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ, և այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահները։ Փաշինյանն ինձ ասաց, որ կտրուկ դեմ է դրան, հայկական կողմը շարունակելու է կռվել», – ասել է Պուտինը։

Պուտինի խոսքով` ԼՂ կարգավորման տարիների ընթացքում Շուշիի հանձնման հարցը չի դրվել, եղել է յոթ շրջանների վերադարձի հարցը։

«Շուշիի հանձնման հարցը ծագել է այս կոնֆլիկտի ժամանակ միայն», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով` հոկտեմբերի 20-ի դրությամբ արդեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը համաձայնել էին ռուս խաղաղապահների տեղակայմանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության համար տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբին, Պուտինը ասել է` Մոսկվան ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը բավական է

«Զորակազմի ավելացումը հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում»,– նշել է նա։

Պուտինն անդրադարձել է նաեվ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի տեղակայման աղմկահարույց հարցին։

Կարելի է ցանկացած գնահատական տալ Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դերին, բայց Անկարային չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ, հայտարարել է նա:

«Թուրքական զինվորների ներկայությունը Ղարաբաղի շփման գծում սադրանք է, ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հասկանում է»,-ասել է ՌԴ ղեկավարը։

«Բաքուն ինքը կարող է որոշում կայացնել, որտեղ պետք է Ադրբեջանում տեղակայվի Ղարաբաղի իրավիճակի մոնիտորինգի համատեղ կենտրոնը»,-նշել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Թուրքիան երբեք չի էլ թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղում պաշտպանում է Ադրբեջանին, ու դա ԽՍՀՄ-ի փլուզման աշխարհաքաղաքական արդյունք է։

Պուտինը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը կազմվել է հնարավորինս արագ, ամեն րոպեն կարևոր էր, և այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրները` Ֆրանսիան և ԱՄՆ–ն, տեղեկացված չեն եղել դրա մասին։

«ԱՄՆ–ին և Ֆրանսիային չներգրավելը տեխնիկական հարց էր։ Այդ հայտարարությամբ մարդկանց ճակատագրերի խնդիր էր լուծվում, և պետք էր այն ժամ առաջ պատրաստել», – ասել է ՌԴ նախագահը։

Լրագրողի հարցին` արդյոք ԱՄՆ–ն և Ֆրանսիան չեն նեղսրտել նման քայլից, Պուտինը պատասխանել է, որ այդ երկրները նեղանալու պատճառ չունեն։

«Ես կարծում եմ` դա չափազանցություն է, որ նրանք նեղացել են։ Այդ համաձայնագիրը կազմվել է երկար տարիներով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների արդյունքում։ Այն եղել է մեր ընդհանուր համոզմունքների շուրջ», – ասել է նախագահը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` Հայաստանի վարչապետն «արդար և անկեղծ» է հայ ժողովրդին ներկայացրել ռազմաճակատում տիրող իրավիճակը։

«Հոկտեմբերի 19–ին և 20-ին Ալիևի ու Փաշինյանի հետ հեռախոսազրույցներ վարեցի, և ինձ թվաց, որ արդեն հասել ենք մարտական գործողությունները դադարեցնելու որոշմանը։ Բայց չեղավ։ Դրանից հետո եղավ այն, ինչ կարելի էր կանխատեսել` ադրբեջանական ԶՈւ–ն գրավեց Շուշին։ Եվ պետք է ասեմ, որ վարչապետ Փաշինյանն իրավիճակը արդար և անկեղծ ներկայացրեց իր ժողովրդին ` ասելով, որ ռազմական դրությունը օրհասական էր, ժամերի ընթացքում կարող էր գրավվել Ստեփանակերտը», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով` այդ պայմաններում հայկական կողմի շահերից էր բխում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և համանախագահ մյուս երկրների հետ համաձայնեցնելը ձգձգելու էր գործընթացը։

Ռուսաստանն հնարավոր բոլոր քայլերն արել է Հայաստանին մենակ չթողնելու համար, հայտարարել է Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն իրեն մենակ չի զգացել։

«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որ Հայաստանն իրեն մենակ ու լքված չզգա։ Հայաստանի քաղաքական վերնախավը շնորհակալություն է հայտնել մեր ջանքերի համար», – նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ավելացրել է, որ Հայաստանի դեմ ոչ մեկը չի հարձակվել, իսկ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէր։

«Բայց մարտի դաշտում իրավիճակը ձևավորվեց այնպես, ինչպես ձևավորվեց», – ասել է Պուտինը։

Նրա խոսքով` Ռուսաստանը միշտ կողմնակից է եղել հակամարտող կողմերի միջև հավասարակշռություն ստեղծելուն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական դրության ծանր վիճակի մասին ասել է ամբողջ ճշմարտությունը, հայտարարել է Պուտինը։

«Իրավիճակը ծանր էր, հենց այնպիսին, ինչպես Փաշինյանն է ասել, ես ավելացնելու բան չունեմ», – նշել է ՌԴ նախագահը։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վիճակին և Փաշինյանի հրաժարականի պահանջներին` Պուտինն ասել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է և պետք է իր խնդիրները ինքնուրույն լուծի։

«Բայց կարող եմ ասել իմ կարծիքը` ռազմական դրության մեջ երկիրը չի կարող իրեն թույլ տալ պահել այնպես, որ հանրությունը ներսից պառակտվի։ Դա անթույլատրելի է և վտանգավոր», – ասել է Պուտինը։

Պատասխանելով Փաշինյանի հետ հարաբերությունների հարցին` ՌԴ նախագահը նշել է, որ երբեք կողմ չի եղել փողոցների միջոցով քաղաքական հարցերը լուծելուն, բայց չնայած դրան միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել հեղափոխության ճանապարհով Հայաստանի ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ես միշտ բաց եմ խոսել, որ չեմ ընդունում փողոցի միջով հարցեր լուծելը։ Բայց դա չի արտացոլվել իմ և Փաշինյանի հարաբերությունների վրա։ Մենք շատ դրական, վստահելի և կոնստրուկտիվ հարաբերություններ ունենք։ Ես չեմ թաքցնում, որ Հայաստանի նախկին իշխանությունների հետ էլ եմ լավ հարաբերություններ ունեցել։ Բացի այդ` այստեղ կա ոչ միայն ղեկավարության, այլև ժողովուրդների միջև հարաբերությունների հարց։ Հայ և ռուս ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել միշտ և ունեն», – ասել է ՌԴ նախագահը։

Պատասխանելով հարցին` ի՞նչ կլինի, եթե Հայաստանում քաղաքական գործընթացների հետևանքով փոխվի ղեկավարությունը և չհամաձայնի իրականացնել ԼՂ հայտարարության կետերը, Պուտինը պատասխանել է, որ նման քայլը ինքնասպանություն կլինի Հայաստանի համար։