ԱՄՆ Կոնգրեսականները Թրամփի վարչակազմին կոչ են արել ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալլոնը, Գաս Բայլարքիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը կոչ են արել նախագահ Թրամփի վարչակազմին ակտիվ դերակատարում ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ ու հավասարակշիռ կարգավորման հասնելու հարցում, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային համագումարը:

«Կոչ ենք անում կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում, օգնել Արցախին վերականգնվելու առանց հետագա արյունահեղության սպառնալիքի և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, օգտագործել հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները Թուրքիային իր դրսևորած ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների համար պատժելու ուղղությամբ, պատժամիջոցներ կիրառել, դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օգնությունը վերջինին կոնֆլիկտի էսկալացիայից հեռու պահելու նպատակով:

Կոչ ենք անում ապահովել տեղահանված հայ քաղաքացիական բնակչության վերադարձն իրենց տներն ու երաշխավորել էական հումանիտար օգնություն ականազերծման աշխատանքների ուղղությամբ, ուժեղացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները` Հայաստանի ժողովրդավարությանն ու ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցելու միջոցով»,- նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում, տեղեկացնում է News.am: