Երևանում փողոցներ փակած մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին News.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Նշենք, որ այս պահին նմանատիպ ակցիաներ են իրականացվում Երևանի տարբեր հատվածներում: Քաղաքացիները չեն մոռանում ճանապարհ տալ շտապօգնության ավտոմեքենաներին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի մի մասը, ինչպես նաև հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։

Մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նոյեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Մարտակերտի ևս յոթ բնակավայր հանձնվում են Ադրբեջանին։