ԵՄ-ն կոչ է անում օտարերկրյա գրոհայիններին արագ դուրս բերել հակամարտության շրջանից
Եվրամիությունը կոչ է անում օտարերկրյա գրոհայիններին ամբողջությամբ և արագ դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանից, որն ավարտվել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կնքված համաձայնագրով։ Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հինգշաբթի Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։
«ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալ զինադադարին: ԵՄ-ն նաև կոչ է անում տարածաշրջանից ամբողջությամբ և արագ դուրս բերել բոլոր օտարերկրյա գրոհայիններին»,- նշված է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի սկզբին ԵՄ գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղ Սիրիայից գրոհայինների տեղափոխման փաստերի մասին։ Դրանից հետո Բրյուսելը Անկարային կոչ էր արել չմիջամտել հակամարտությանը և նպաստել դրա կարգավորմանը, տեղեկացնում է News.am-ը։