Մովսես ՀԱԿՈԲՅԱՆ․ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԵՎ ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կարծում է, որ արցախյան պատերազմում մեր պարտության առաջին պատճառը ղեկավարման խնդիրն է։ Հակոբյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Նշանակել եք ամենաանպատրաստ գեներալին»

«Պարտությունը կործանում չէ, այլ նոր հաղթանակ կերտելու հնարավորություն։ Պարտությունից պետք է ճիշտ հետևություններ անես։ Ուզում եմ ասել` մեր բոլոր անհաջողությունները սկսվել են ԶՈւ–ի` պատերազմին նախապատրաստվելուց»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` երբ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է, վարչապետից հիմնավորում է ուզել։ 5 օր անց վարչապետը տվել է հիմնավորում, ինչը բավարարել է Հակոբյանին. վարչապետն ասել է, որ նախկին բոլոր ղեկավարներին, առաջին դեմքերին որոշել է փոխել, ինչի համար էլ Հակոբյանին հեռացրել է ԳՇ պետի պաշտոնից։ Նա նշեց` վարչապետին առաջարկել է պաշտոնյա, որը կարող է փոխարինել իրեն, սակայն մինչ նա նշանակված օրը պետք է հանդիպեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Արտակ Դավթյանն արդեն իսկ նշանակվել է ԳՇ պետ։

«Այդ ժամանակ ես վարչապետին ասացի` դուք նշանակել եք ամենից անպատրաստ գեներալին։ Եվ այդ օրվանից բանակի քանդման գործընթացն է սկսվել։ Հարցնում են` այս օրերին եղածը դավաճանությո՞ւն էր։ Ոչ, սա դավաճանություն չէ` անգրագիտություն է, պատերազմի ու ղեկավարման արվեստին չտիրապետել է»,–ասաց Հակոբյանը։

Նա հայտնեց, որ 2018-23 թվականների համար ԶՈւ բարեփոխումների և սպառազինության ռազմական տեխնիկայի արդիականացման պլանում փոփոխություններ են կատարվել։ Օրինակ` մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը` ավելացել, բացի այդ, ԳՇ–ի և ՊՆ–ի օպերատիվ օղակը 95 տոկոսով ավելացել է։ Հակոբյանն ասաց նաև, որ փոխարենը մարտավարական օղակից 5 գունդ է կրճատվել։

Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը

Պատերազմի 44 օրերի ընթացքում սուտը, ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է այն ու տարել խորը ճգնաժամին ընդառաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով` զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որը պետք է հակառակորդին մոլորության մեջ գցի, այսինքն` կեղծ տեղեկություն տարածի։

«Պատերազմում կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը, մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը, որը որևէ մեկի մոտ ընկալելի չէ»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` այդ է պատճառը, որ մարդիկ չեն հասկանում , թե ինչ կատարվեց։

«Մի մասը գտնում է, որ մենք հաղթում էին, բայց պատերազմը կանգնեցրին, մի մասը գտնում է, որ պետք է կանգնեցնեին պատերազմը և այսպես շարունակ»,–ասաց նա։

Որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի 3-րդ օրը կանգնեցրել է լրահամալրումը և որոշել կամավորներին ուղարկել առաջնագիծ։ Սա սխալներից ամենամեծն էր։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Սեպտեմբերի 30-ի դրությամբ զորահավաք չի կատարվել։ Պատերազմի 5-րդ օրը Արցախում 78, իսկ Հայաստանում 52 տոկոսով է լրահամալրումն իրականացրել։ Իսկ այն, որ լրահամալրումը կանգնեցվել է, կան ապացույցներ, այսինքն` ձայնագրություն»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` կամավորականների համար զորամասերում որևէ սպառազինություն ու հանդերձանք նախատեսված չի եղել։ Տեղում հարցը լուծելուց հետո հրամանատարները նրանց ուղարկում են ինչ–որ տեղ կռվի։ Հակոբյանին հետաքրքրում է հարցը` կամավորականը, որը կապի համակարգ չի ունեցել կռվող հանձնակազմի հետ, ինչպե՞ս պետք է կռվեր։ Հենց դա էլ պատճառ է դարձել, որ պատերազմի 5-րդ օրն Արցախից 1500 մարդ էր փախել, որոնց մեկուսացրել էին, որպեսզի խուճապ չառաջացնեին։ Հակոբյանն ասաց` փախչելու սկիզբը դրել են կամավորականները, որոնց միացել է կցագրված անձնակազմը։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետը նշեց` մենք անհաջողություն ունեցանք աջ և ձախ թևերում, որտեղ կա՛մ բնակչություն չունենք, կա՛մ էլ նվազ է բնակիչների թիվը։ իսկ մինչև երրորդ օրը մենք որևէ զիջում չենք ունեցել, սակայն չենք ունեցել մարդիկ, որոնք պետք է գան ու փոխարինեն կռվողներին, չենք ունեցել լրահամալրողներ և հակառակորդը մխրճվել է մի շարք տեղեր։

Ինչ է իրականում տեղի ունեցել Աննա Հակոբյանի հետ

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ պատերազմի ընթացքում սոցցանցերում հրապարակված այն լուրերին, որ ինքը վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հետ միջադեպ է ունեցել, քանի որ նրան հորդորել է չմիջամտել բարձրաստիճան ծառայողների որոշումներին կամ քննարկումներին։

Նախ Հակոբյանը պարզաբանեց, որ Արցախում գտնվելու ժամանակ իր հիմնական գործառույթը եղել է ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ չեզոքացնելը և նրանց կողմից հրամանատարի գործունեությանը չմիջամտելը։

«Քանի որ արգելված է եղել կողմնակի անձանց մուտքը հրամանատարական կետ, տիկին Աննային ասել եմ` նպատակահարմար է, որ գնա, քանի որ տղաները խոսում են, գոռում են, կարող են նաև հայհոյել ու կաշկանդվում են իրենից։ Ասաց` լավ։ Մի քիչ էլ նստեց ու գնաց։ 4 ժամից ինձ կանչեցին Երևան։ Եկա պաշտպանության նախարարի մոտ շատ մեծ ակնկալիքով, որ արդեն հասկացած կլինեն, թե ինչ իրավիճակում ենք։ Ինձ հրամայեցին, որ այլևս չգնամ այնտեղ։ Հարցրի` պատճառն ի՞նչն է, ասաց` չգիտեմ, վարչապետն է հրամայել։ Ես վարչապետին հաղորդագրություն եմ գրում, որ չեմ կարողանում մնալ Երևանում, սիրտս պայթում է, ուղարկեք ինձ Արցախ։ Անգամ չի պատասխանել»,–ասաց նա։

Նրա խոսքով` հաջորդ օրը վարչապետը մեկնել է Արցախ։ Ինքը զանգահարել է Արցախի նախագահին և ասել, որ վարչապետին փոխանցի` հաղորդագրությունը կարդա և բացատրի, որպեսզի իրեն հետ ուղարկեն Արցախ։

«Որոշ ժամանակ հետո Հարությունյանն ինձ ասաց, որ հաջորդ օրը վարչապետն ինձ կընդունի, և ես հետ կգնամ Արցախ։ Հաջորդ երեք օրերին ես զանգահարում եմ վարչապետի աշխատակազմ, որպեսզի ինձ վարչապետն ընդունի, չորրորդ օրն ասում են, որ վարչապետն ինձ չի ընդունելու»,–ասաց նա։

Հակոբյանի խոսքով` այդ պահին իրենց տանը Արցախից եկած շատ մարդիկ կային։

«Մեկի ջերմությունը բարձր էր, տարանք հիվանդանոց, որպեսզի թոքերը նկարեն։ Ես տիկնոջս ասացի` քանի հասել ենք հիվանդանոց, արի մենք էլ հետազոտվենք։ Այդ պահին ինձ զանգահարեց պաշտպանության նախարարը և ասաց, որ վարչապետն ուզում է ինձ տեսնել։ Գնում եմ նախարարություն։ Խորհրդակցություն է։ Ինձ ներս չեն թողնում։ Խորհրդակցությունն ավարտվում է, վարչապետն ու նախարարը դուրս են գալիս, և Տոնոյանն ինձ ասում է, որ գնամ Օնիկ Գասպարյանի մոտ, որպեսզի վերջինս իմ առջև մարտական խնդիր դնի։ Գնում եմ Գասպարյանի մոտ, ինձ ասում է, որ Սամվել Բաբայանն ասել է` ես գնամ Արցախ ու գործողություն կոորդինացնեմ։ Ես էլ ասացի` պարոն Գասպարյան, դա քո գործառույթն է և հիշեցրի, որ իրենք 850 հաստիք ունեն և իրենց միջոցով պետք է փոխգործակցություն ապահովեն։ Ասացի` քանի որ Սամվել Բաբայանն է ասում` չեմ անելու, որովհետև պատերազմ ղեկավարելը նրա խելքի գործը չէր։ Ինձ Արցախից հանելու պատճառը կա՛մ Բաբայանին չխանգարելն էր, կամ տիկին Աննային խնդրելը, որ հրամանատարական կետից դուրս գար»,– նշեց նա։

Հակոբյանի խոսքով` ինքն ասել է, որ գնում է Արցախ, իրեն հանձնարարել են կորոնավիրուսի թեստ հանձնել։

«Թեստը բացասական է եկավ, բայց քանի որ թոքերս հիվանդանոցում նկարել էին, ուղարկել էին հոսպիտալ։ Հասնում եմ Ղարաբաղ, ինձ 6 ժամից զանգում են ու ասում, որ երկկողմանի թոքաբորբ եմ, ինձ մոտ կորոնավիրուս կա։ Որպեսզի ոչ ոքի չվարակեմ հետ եմ գալիս Հայաստան։ Հաջորդ օրը ինֆեկցիոն հիվանդանոցում ինձ բժիշկն ասում է, որ ինձ մոտ ընդամենը մեկ տոկոս է թոքաբորբը, որը բուժման ենթակա չէ։ Նորից է նկարում թոքերս, պարզվում է` այդ մի տոկոս թոքաբորբն էլ չունեմ»,–պատմեց նա։

Կրկնակի թեստից, արյան անալիզից հետո ի վերջո Հակոբյանը կարողանում է գնալ Արցախ, որտեղ մնում է մինչև հոկտեմբերի 28–ը։

Պատերազմի օրերին Ռուսաստանը Հայաստանին տվել է այն, ինչ մենք կյանքում չենք երազել

Պատերազմի օրերին Ռուսաստանը Հայաստանին ռազմամթերքի առումով տրամադրել է այն առավելագույնը, ինչ կարող էր։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

 «Հայաստան պատերազմի ժամանակ մատակարարումներ իրականացրել է մեր բարեկամ երկիրը` Ռուսաստանը։ Սակայն հարցն այն է, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի զանգել Ռուսաստան և ռազմամթերքի աջակցություն խնդրել։ ՌԴ–ն աջակցել է Հայաստանին իր խղճի համար»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանին տվել է այն, ինչ մենք կյանքում չենք երազել։

Հակոբյանը նշեց, որ ռազմական մատակարարումներն իրականացվում է գաղտնի, և պաշտպանության նախարարը պետք է հասկանար, որ կրկնակի է դժվարանալու մատակարարումները, ուստի իր անելիքը պետք է կանխավ իմանար։

Ինչպես է հաջողվել «Բայրաքթարների» գրոհը ժամանակավորապես կասեցնել

Եթե չփոխեին ռազմամթերքի ձեռքբերման պլանն ու ՍՈւ–երի փոխարեն «Տոռ» գնեին, ապա առաջնագծի աջ և ձախ թևերում օդն ինչ–որ չափով պաշտպանված կլիներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին։

Այսօր Հակոբյանը հայտարարել էր, որ ռազմամթերքի ձեռքբերման պլանը փոխել է վարչապետ Փաշինյանն ու «Տոռ»–ի փոխարեն ՍՈւ գնել. հենց սա էլ մեր ամենամեծ սխալն է եղել։

«Օդն ամբողջությամբ փակել արտահայտություն չկա, քանի որ ԱՄՆ–ի օդն էլ ամբողջությամբ փակ չէ։ Սակայն եթե «Տոռ» գնեինք, ապա այս մակարդակի բաց չէր լինի մեր օդը»,–ասաց Հակոբյանը։

Մեր թղթակիցը հարց է ուղղել նաև, թե պատերազմի առաջին օրերին լուրեր կային, որ Արցախ են տարվել «Կրասուխա» ՌԷՊ միջոցներ և «Բուկ» զենիթահրթիռային համալիր, որքանո՞վ են դրանք նպաստել թշնամու ԱԹՍ–ների դեմ պայքարին։ Ի պատասխան Հակոբյանը նշեց` ոչ թե «Կրասուխա», այլ «Պոլե 21» է Արցախ տարվել, որը մոտ 4 օր «Բայրաքթարների» թռիչքն Արցախի տարածքում սահմանափակել է։ Սակայն հակառակորդը կարողացել է շատ արագ կառավարման համակարգը փոխել ու նորից օգտագործել։

Ինչ վերաբերում է «Բուկին», ապա Հակոբյանը չգիտի` հասե՞լ է այն Արցախ, թե ոչ։ Նա հիշեցրեց, որ «Բուկը» ԱԹՍ–ների դեմ պայքարի միջոց չէ։

Sputnik Արմենիայի նյութերով