Երևանում իրավիճակը լարվել է. պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը

Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է. քաղաքացիները փակում են փողոցների երթևեկելի հատվածները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր»։

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտից, դիմակավորված ուժայինները բերման ենթարկեցին նաև Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։

Տիգրան Աբրահամյանին բերման ենթարկելիս քաղաքացիները հորդորում էին ոստիկաններին չտանել նրան՝ նշելով, թե ամոթ է.

«Արա, ուր ես տանում, հո չես գժվել, կռվող տղա է, փոխգնդապետ տղա է»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Իսկ բերման ենթարկվելու ճանապարհին արդեն ձեռքերը ոլորված քայլելիս Արա Սաղաթելյանն էլ նշեց, որ սա իր քաղաքացիական պարտքն է, ու յուրաքանչյուրը պետք է այդպես վարվի։

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է այսօր դուրս գա փողոց»,- ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանի ստորագրած պայմանագիրը ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Նրա խոսքով՝ մասնավորապես` Ադրբեջանի միջազգային դատարաններ ներկայացրած բողոքները ստիպելու են հայ ժողովրդին ապրել թշվառ։

Այլ քաղաքացիներ ևս բերման ենթարկվեցին Բաղրամյանի սկզբնամասից, կենտրոնական տարբեր փողոցներից, ինչպես նաև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից։

Նշենք, որ այսպես կոչված անհնազանդության բողոքի ակցիաներ են անցկացվում մայրաքաղաքի տարբեր փողոցներում։

Քիչ առաջ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից բերման ենթարկվեց նաև «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը։

Մի խումբ քաղաքացիներ փորձում են փակել նաև Ավան վարչական շրջանի ամենաբանուկ փողոցներից մեկը՝ Աճառյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։