Լավրով․ Քննարկելու ենք մեր հարաբերությունների ամբողջ շրջանակը

Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման նպատակով ստեղծվելիք միջգերատեսչական կենտրոնի հարցը, հայտնում է ТАСС-ը։

«Մենք շահագրգռված ենք, որ այսօր քննարկենք մեր հարաբերությունների ամբողջ շրջանակը, մի իրավիճակում, երբ ձգձգված բանակցություններից հետո ընդունվեց երեք առաջնորդի հայտարարությունը, որը վերջ տվեց արյունահեղությանը և հնարավորություն ստեղծեց իրավիճակը կայունացնել իր բոլոր հարթություններում, ներառյալ՝ մարդասիրական», - ասել է Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

«Այսօր կքննարկենք նաև հումանիտար արձագանքման նպատակով ստեղծվելիք միջգերատեսչական կենտրոնին վերաբերող հարցեր: Սա նոր կառույց է, որն ամբողջությամբ աշխատելու է խաղաղ բնակչության կարիքները հոգալու, քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար, և, իհարկե, մենք կքննարկենք մեր տնտեսական համագործակցության արդի խնդիրները, էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կքննարկվի այսօր», - նշել է ՌԴ արտգործնախարարը, տեղեկացնում է Aysor.am: