Ռուսաստանը Հայաստան բժիշկներ կուղարկի՝ Արցախում վիրավորվածներին բուժելու համար

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը պատրաստ է օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժածների բուժման համար, հայտնել է ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տեղեկացնում է Aysor.am:

«Մենք պատրաստ ենք ձեզ տրամադրել նյարդավիրաբուժության, վնասվածքաբանության, հոգեբուժության ամենաբարձր մակարդակի մեր մասնագետների օգնությունը: Եթե անհրաժեշտ համարեք, այստեղ խմբեր կուղարկենք։ Արդեն ունենք առցանց վերակենդանացման և խորհրդատվության կենտրոններ, որոնք կարող են հեռակա աջակցություն ցուցաբերել», - ասել է Մուրաշկոն՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը:

Նրա կարծիքով՝ տուժածներին կարող է օգնություն պահանջվել «պայթյունների հետևանքով ստացած վնասվածքների, այրվածքներից հետո բարդությունների պատճառով, անհրաժեշտ կլինի նաև հոգեբանական աջակցություն»: