Ինչ մնաց Արցախից. նոր քարտեզ

Ղարաբաղյան ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Արցախի քարտեզը հիմա այլ տեսք ունի։

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը վերլուծել է հետպատերազմական իրավիճակը և Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարության կետերը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքների հանձնումից հետո սեպտեմբերի 26- դրությամբ եղած 11458 քառ/կմ-ից մնացել է 3170-ը: Մասնագետի ներկայացրած տվյալները նախնական են, առայժմ պաշտոնական հայտարարություն չկա:

Նշված տարածքի մեջ մտնում են Մարտակերտի շրջանի մեծ մասը (1400 քառ/ կմ), Ասկերանի շրջանի մեծ մասը (850 քառ/կմ), Շուշիի շրջանի 40%-ը (120 քառ/կմ), Ստեփանակերտը (26 քառ/կմ), Մարտունու շրջանի մի մասը (400 քառ/կմ):

«Ամբողջությամբ կորցրել ենք Հադրութի շրջանը (679 քառ/կմ)», - ասաց Միքայելյանը:

Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում 4564 քառ/կմ` Քելբաջարի շրջանը (1935 քառ/կմ), Աղդամի շրջանը (725 քառ. կմ), Լաչինի շրջանը (մոտ 1900 քառ/կմ): Մարտերի ընթացքում Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 3716 քառ/կմ:

«Հյուսիսում՝ 131 քառ/կմ, ինչպես նաև Թալիշ, Մատաղիս գյուղերը՝ 118 քառ/ կմ, ևս մեկ բարձունք էլ հյուսիսում՝ 13 քառ/ կմ», – ասաց Միքայելյանը:

Հակառակորդը 3585 քառ/կմ էլ իր վերահսկողության տակ է վերցրել հարավից (Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլի):

610 քառ/կմ-ի վերաբերյալ տվյալները չեն հստակեցվել։