«Կոմերսանտ». ՈՒԽՏԱՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Չճանաչված Արցախի Հանրապետության մի ամբողջ շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. դրանց հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր: «Կոմերսանտի» թղթակից Ալեքսանդր Չեռնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր պատերազմի ընթացքում: Ինչպես պարզվել է, նրան հաջողվել է հասնել գյուղի գոյության վերջին օրը:

«Այն, ինչ ունեինք, մեր իշխանությունները չկարողացան պահել»

Նոյեմբերի վերջին Ստեփանակերտը ծածկված էր խիտ մառախուղներով: Տեսանելիությունը մի քանի մետրից ավել չէր, բայց գուցե դա ավելի լավ էր. սպիտակավուն մշուշը նրբորեն ծածկում է ռմբակոծված պատերն ու այրված ավտոմեքենաները: Եթե ուշադիր չես նայում, քաղաքը սովորական քաղաք է: Գեղեցիկ: Սակայն գլխավոր հրապարակում անզոր է նույնիսկ մշուշը: Փախստականներով ավտոբուսներն այստեղ են ժամանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Ոմանք տուն են վերադառնում տարհանումից հետո, ոմանք եկել են Ստեփանակերտ, քանի որ իրենց տունն այլևս չունեն: Տասնյակ մարդիկ տուփեր, պայուսակներ, հսկայական վանդակավոր պայուսակներ են բեռնաթափում` անընդհատ բախվելով միմյանց մառախուղի մեջ: Նորածինները ճչում են, իսկ մեծահասակները` լաց լինում` գրկախառնվելով իրենց հարազատների հետ: «Ես գնացել էի Երևան, որտեղ իմ ծանոթների ծանոթները պատերազմի ընթացքում մեզ անվճար բնակարան էին տրամադրել,- պատմում է Դիանան:- Մեր հարևանների հետ (նկատի ունի Ադրբեջանը) ոչ մի երաշխիք չկա, որ այս խաղաղությունը երկար կտևի: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, նրանց պատճառով ես արդեն երեք անգամ փախստական եմ»: Դիանան ծնվել է Խորհրդային Բաքվում, Սումգայիթի ջարդերից հետո նրա ընտանիքը 1988 թվականին փախել էր քաղաքից: «Մայրիկս Շահումյանից էր, մենք որոշեցինք տեղափոխվել այնտեղ: 1992-ին մեզ այնտեղից էլ վտարեցին,- հիշում է կինը,- մենք սկսեցինք ապրել Ստեփանակերտում, բայց պատերազմն այստեղ էլ հասավ: Նա խոստովանում է, որ այժմ ցանկանում է Ղարաբաղից Հայաստան գնալ, և միգուցե` ավելի հեռու. «Այն, ինչ մենք ունեինք, մեր իշխանությունները չկարողացան պահել: Ամոթ է և ցավալի, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:

Քաղաքում փախստականները հատկապես շատ են հարևան Ասկերանի շրջանից. Ադրբեջանում այն Աղդամ են կոչում: Աղդամ ուրվական քաղաքը և դրա հարակից տարածքներն առաջիններից էին, որ պետք է անցնեին Ադրբեջանին: Ղարաբաղյան առաջին պատերազմից անցած երեք տասնամյակի ընթացքում այս շրջանը բնակեցվել էր հայերով, և այժմ նրանք զանգվածաբար լքում են գյուղերը: Վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է:

«Հիմա` ուր պատահի»

Հենց այդտեղ` հրապարակում, մենք տաքսու վարորդ ենք գտնում, որը համաձայնում է մեզ տանել լքված շրջան: Ստեփանակերտի կենտրոնից մենք ընդամենը կես ժամում հասնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նոր սահման: «Արցախն այնքան փոքր է դարձել,- հառաչում է տաքսու վարորդը:- Աղդամ հասնելուց մի քանի կիլոմետր առաջ մենք շրջվում ենք դեպի հողային ճանապարհ և գնում դեպի Ուխտասար գյուղ: Այն ընդամենը քսան տարեկան է, այստեղ վերաբնակիչներ են ապրում: Պետությունը վարկեր էր տրամադրում տներ կառուցել ցանկացողներին` սահմանամերձ տարածքները բնակեցնելու համար. մարդիկ աստիճանաբար տեղավորվում էին, այգիներ էին տնկում, երեխաներ ծնում և թաղում ծերերին: Վերաբնակիչները բնիկներ էին դարձել, մի սերունդ էր մեծացել, որի համար Ուխտասարն իրենց հայրենիքն էր դարձել:

Մենք այստեղ արդեն եղել էինք մեկ ամիս առաջ` պատերազմի ընթացքում: Այդ ժամանակ գյուղում անընդհատ դղրդյուն էր. Ադրբեջանը գնդակոծում էր մոտակայքում գտնվող ՀՕՊ զորամասը, հայերը պատասխան կրակ էին բացում: Ուխտասարն ամբողջովին դատարկ էր. կանանց և երեխաներին տարհանել էին, տղամարդիկ գնացել էին ռազմաճակատ, գյուղում մնացել էր մի քանի ալեհեր տարեց: Նրանք լրագրողներին խաղող և նուռ էին հյուրասիրում, հաճույքով լուսանկարվում էին կալաշնիկովներով և հպարտորեն պատմում էին, թե ինչպես են ամեն գիշեր գնում լեռնանցքները պահելու: Ռազմական կեցվածքով այս հզոր պապիկները համոզված էին մոտալուտ հաղթանակի մեջ և պահանջում էին, որպեսզի պատերազմից հետո լրագրողները պարտադիր հյուր գան իրենց` «գինի խմելու, նուռ ուտելու»:

Գյուղի մատույցներում հանդիպում ենք նրանցից մեկին: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Խաչիկը տասը տարով ծերացել էր. ուսերը կուչ էին եկել, հայացքը խամրել էր, ձեռքսեղմումը` թուլացել: Նա այլևս չէր ցանկանում խոսել լրագրողների հետ: «և ո՞ւր հիմա: Հիմա` ուր պատահի,- զայրացած պատասխանում է նա` իրերը բանակային պարկի մեջ տեղավորելով։- Քաղաքական գործիչները մեզ այդքան ասում էին` «մեր Ղարաբաղը, մեր հայ ժողովուրդը»: Դե ինչ, շնորհակալություն Ղարաբաղի համար, շնորհակալություն հայ ժողովրդի համար: Վերջ, բավական է. Դավաճանեցին մեզ, վաճառեցին»: Կատուն պտտվում է նրա ոտքերի տակ, տան պատին կալաշնիկով է հենած: Խաչիկը վերցնում է այն, գլխով անում, հրաժեշտ տալիս ու մտնում տուն: Գործընկերոջ բջջային հեռախոսը զանգում է. SMS է եկել ռուսական օպերատորից` «Բարի գալուստ Ադրբեջան»:

News.am