Մահացել է լուսանկարիչ, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։

«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ...»,– գրել է Երզնկյանը։

Նշենք, որ Զավեն Սարգսյանը 73 տարեկան էր։ Նա եղել է Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։ Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Սերբիայում և այլուր։ 2011 թվականին նա պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։

1986 թվականին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը։

1992 թվականից մինչ օրս ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։