ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին իմքայլական պատգամավորի հայտարարությունը

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը երեկ չի մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մինչ այսօր Կարմիր խաչի գործադրած ջանքերի շնորհիվ հայկական կողմին է փոխանցվել տարեց մի կին և մեկ քաղաքացու դի։ Գերիների փոխանակման այլ գործընթաց տեղի չի ունեցել»,–ասաց Ամատունին։

Նա նաև հերքեց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի` այսօր արված հայտարարությունը, թե երեկ գերիների փոխանակման գործընթաց է տեղի ունեցել։

Նշենք, որ տարածաշրջանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է զբաղվում գերիների` հայրենիք վերադառնալու հարցերով։