Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար

Գերմանիայի կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար: Այս մասին ասվում է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Բերբել Կոֆլերի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ողջունում եմ այն փաստը, որ վեց շաբաթ տևած կատաղի մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց զինադադարի պայմանագիր: Ես շնորհակալ եմ ԿԽՄԿ-ի անխոնջ ներգրավվածության և աշխատանքի համար, որին (ԳԴՀ) կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել: Օգնությունը փոխանցելու համար անհրաժեշտ է, որ ԿԽՄԿ-ն և այլ մարդասիրական կազմակերպություններ անարգել հասանելիություն ունենան մարդկանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի կատարած այցի ժամանակ, իր աջակցությունն է հայտնել այն առաջարկությանը, որ նպատակային կերպով կամավոր 2 միլիոն եվրոյի ներդրում արվի՝ Լեռնային Ղարաբաղում կազմակերպության աշխատանքի համար: Նախարարը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին, որը չի դադարեցրել աշխատանքը ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երևանում, ե՛ւ Ստեփանակերտում, տեղեկացնում է News.am: