ՀՀ ԱԳ նախարարը ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին:

ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդել է Արցախում հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծել է տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծման և վերջիններիս իրավունքների պաշտպանության ու վերականգնման հրատապությունը:

Ընդգծվեց Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տեղեկացնում է News.am: