Զոհվել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը

Դավիթ Գրիգորյանը Ֆիզուլիի և Կարախանբելիի հատվածում 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա էր խոցել։

Սարդարապատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ զոհվել է «Արցախի հերոսի» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը։ Դավիթը Սարդարապատ համայնքի բնակիչ էր։

«Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։ Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ»,–նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Դավիթ Գրիգորյանը զոհվել էր դեռ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։ Տղայի դին, սակայն, նոր են դուրս բերել։

Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր` Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։