Արթուր Ղազինյան. Պետք է պարզել վարչապետի՝ պատերազմ սադրող հայտարարությունների նպատակը

Վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի՝ ինչ նպատակով ու ինչպիսի հանգամանքներում է տեղի ունեցել Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տապալումը, ասուլիսում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը, տեղեկացնում է Aysor.am:

«Մասնավորապես, ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Բանակցություններ չեն ընթանում», «Արցախի հակամարտության լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին», «Ես բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից» իրենց բնույթով պատերազմ սադրող հայտարարությունների նպատակը և բուն շարժառիթը», - ասաց նա:

Ղազինյանի խոսքով՝ հարկ է պարզել, թե ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը գիտակցո՞ւմ էին, որ ՀՀ-ի կողմից բանակցությունների տապալումը անխուսափելիորեն հանգեցնելու էր Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու լեգիտիմության հիմքերի ամրապնդմանը և ապահովմանը: