Համացանցում հայտնվել են ադրբեջանցիների տեսանյութերը․ Մանե Գևորգյանը և ՊՆ-ն հերքում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, որ այսօր ադրբեջանցի տասնյակ զինվորականներ մտել են Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրի տարածք և պահանջել, որ հայերը հեռանան տարածքից։

 



«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը», -ասվում է ՊՆ հերքման տեքստում։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ևս «Արմենպրեսի» հետ զրուցում հերքել է այս տեղեկությունը:

«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ armlur.am-ի հետ զրույցում նշել է. «Խնդիրը դարպասի տեղադրման վայրի հետ է կապված, որը հիմա եռակողմ քննարկման փուլում է, իսկ ինչ վերաբերվում է հանքի բուն տարածք նրանց մուտքին, դա իրականությանը չի համապատասխանում»:

Ավելի վաղ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները կոտրել են նախօրեին Քարվաճառի մուքի մոտ տեղադրված դարպասները և մտել Հայաստանի տարածք։

News.am-ը հաղորդել էր, որ իսրայելական զրահամեքենաներով ադրբեջանցի զինծառայողները, այդ թվում՝ բարձրաստիճան, գալիս, մտնում են հանքի տարածք, որտեղ լինում է 7 ժամկետային զինծառայող, ասում են՝ սա մեր տարածքն է, հեռացեք այստեղից։Զինծառայողները զանգահարում են տարբեր պատասխանատուների, ոչ ոք չի պատասխանում, ստիպված հանքի տնօրինությունն է գնում ադրբեջանցիների հետ բանակցելու, չի իմանում՝ ինչ ասել, փորձում են կապվել պատկան մարմինների հետ, ոչ ոք չի արձագանքում։Դժվարությամբ խնդրում, համոզում են, թե սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում։ Նրանք էլ ասում են՝ վաղը գանք, այստեղ չլինեք, թե չէ չգիտենք, ինչ կլինի։

Նշենք, որ դեպի Հայաստանի տարածք շարժվող ադրբեջանական ավտոմեքենաների տեսանյութ է տարածել ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, իսկ լրագրող վերլուծաբան Դավիթ Ջալալյանը հրապարակել էր տեսանյութ՝ ինչպես են ադրբեջանցի զինվորականները գտնվում Սոթքի հանքավայրի տարածքում։