Ալվինա ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ. «ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո իրավական բնույթի, այդ թվում՝ տարածքներին, սահմաններին, գերիներին և անհայտ կորածներին վերաբերող բազմաթիվ հարցեր մնացին օդում կախված։ Այսպես, հրադադարից հետո Ղարաբաղի մի շարք բնակավայրեր (ավելի քան 180) ստորագրված հայտարարության պայմաններով հանձնվում են Ադրբեջանին։ Հայկական իշխանությունների լռության խորապատկերին՝ հանձնվում են նաև այն գյուղերը, որոնց մասին ի սկզբանե խոսք անգամ չի եղել։ Հայրենի տունը թողած մարդիկ հայտնվել են բառացիորեն ճանապարհներին։

Ոչ պակաս անմխիթար է գերիների, անհայտ կորածների և զոհվածների հետ կապված իրավիճակը, որոնց մարմինները չեն հանձնվել Հայաստանին: Համացանցում ամեն օր տեսանյութեր են հայտնվում հայ ռազմագերիների, խաղաղ բնակիչների, բազմաթիվ դեպքերում՝ բավական տարեց մարդկանց ծանակումով: Ու թեև իրավաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը վիթխարի աշխատանք են կատարում՝ մարդու կյանքի ու առողջության ապահովման պահանջով բողոքներ ուղարկելով ՄԻԵԴ, ակնհայտ է, որ գործ ունենք բնավ ոչ այն երկրի հետ, որը գոնե ինչ-որ չափով պահպանում է միջազգային նորմերը։

Իսկ պաշտոնական Երևանի լիազոր մարմիններում կատարյալ խառնաշփոթ է տիրում։ Այո, Պաշտպանության նախարարությունում ստեղծվել է գերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողով, սակայն դա զբաղվում է առավելապես տեղեկություններ հավաքելով։ Վրդովված մարդկանց պնդմամբ՝ հանձնաժողովի գործունեությունից օգուտն առ այսօր առանձնապես մեծ չէ։ Այժմ, վարչապետի խոսքերով, ստեղծվում է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Անչափ կցանկանայինք հուսալ, որ վերջինս գործունակ կլինի, թեև մարդիկ արդեն կասկած չունեն, որ դա պարզապես վարչապետի հերթական պոպուլիստական քայլն է։ Իսկ առայժմ անհայտ կորածների հարազատները դեսուդեն են ընկնում ՊՆ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Կարմիր Խաչի միջև, բայց այդպես էլ չեն ստանում իրենց հարցերի պատասխանները։

Կարելի է պատկերացնել նրանց վիշտը, ում զավակները, ՊՆ տվյալներով, նշված են զոհվածների ցուցակում, բայց նրանց մարմինները չեն հանձնում հարազատներին։ Երկրի իշխանություններն այս ողբերգական իրավիճակի համար պատասխանատվությունը բարդում են ՊՆ-ի, Կարմիր Խաչի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև գերիների վերաբերյալ Եվրադատարան ներկայացվող հայցերի ձևակերպմամբ զբաղված իրավաբանների խմբերի վրա: Ասենք, բոլորիս էլ հայտնի է, թե ինչ հմտորեն է կարողանում այս իշխանությունն իր կրելիք պատասխանատվությունը բարդել ում վրա ասես։ Այդ հմտության մեջ վարչապետն իր հավասարը չունի։

Մենք տեսնում ենք, որ անհայտ կորածների հարազատները, որոնց թիվը չի նշվում նույնիսկ մոտավորապես, գործնականում ամեն օր բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով տեղեկացնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում երկրի իշխանությունները։ Նամակ են ուղարկել ՌԴ նախագահ Պուտինին, օգնություն ակնկալելով նրանից։ Սեփական երկրի իշխանությունների կողմից պրոֆեսիոնալիզմի և տարրական մարդկային մոտեցման իսպառ բացակայության պայմաններում դա միանգամայն օրինաչափ քայլ է։ Մարդիկ հույս չեն կապում իրենց պետության հետ, որի խորհրդարանը երկրի համար այսքան բարդ պահին շարունակում է զբաղվել ընդդիմության քաղաքական հետապնդումներով՝ նույնիսկ չմոտենալով հրատապ օրակարգին։

Պետության վերաբերմունքի աներևակայելի դաժանությունն ամփոփված է նրանում, որ դժբախտ մարդիկ, որոնց զավակները կամ հարազատները գերեվարված են, անհայտ կորած կամ զոհված, մի հաստատությունից մյուսը գնալով թակում են տարբեր գերատեսչությունների դռները, հուսալով ինչ-որ բան իմանալ հարազատների ճակատագրի կամ նրանց մարմինները ստանալու հնարավորության մասին: «ԳԱ»-ի դատական մեկնաբանի հետ հեռախոսազրույցում նման կարծիք հայտնեց Ալվինա Գյուլումյանը, որը ավելի քան 13 տարի աշխատել է Եվրադատարանում՝ Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնում: «Այդ մարդիկ պետք է ստանան տեղեկատվությունն առանց տնից դուրս գալու, նրանց, սարսափելի վիշտ ապրողներին, չի կարելի անհանգստացնել։ Այն, ինչ տեղի է ունենում մեզանում, պարզապես անմարդկային է»,- հայտարարեց նա։

Ա.Գյուլումյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջազգային պայմանագրեր ստորագրելուց հետո (տվյալ դեպքում՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը) նշված կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ պարտադիր կարգով մշակվում ու ստորագրվում են արձանագրություններ, որոնք մանրակրկիտ կոնկրետություն են մտցնում ընդհանուր դրույթներում: Սակայն մենք նման բան չենք տեսնում ո՛չ գերիների, ո՛չ փախստականների, ո՛չ տարածքների մասով։ Արդյունքում տիրում է բացարձակ կամայականություն, ադրբեջանցիները զբաղեցնում են ղարաբաղյան գյուղերը, անհասկանալի են սահմանները, հստակություն չկա ռազմագերիների փոխանակման հարցերում և այլն: Այս ամենը համաձայնեցված չէ, նախորոշված չէ, նկատի առնված չէ: Ահա և ստացվում է, որ մարդկանց հավաստի ու հստակ տեղեկատվություն տրամադրող չկա։ «Բոլոր այդ հարցերում պետք է իրավական հստակություն մտցնել,- նշեց Ա.Գյուլումյանը։- Ինձ զարմացնում է հայկական կողմի անգործությունը։ Չէ՞ որ եթե դա չարվի հիմա, ապա հետո ինչ-որ բանի հասնելը շատ դժվար կլինի»։

Այն հարցին, թե որքանով են իրատեսական ադրբեջանական կողմի արդեն հնչեցրած հավակնությունները. միջազգային ատյաններում դատական կարգով մոտ 50 մլրդ դոլար կորզել՝ իբր «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայով» Հայաստանի պատճառած վնասի դիմաց, զրուցակիցը պատասխանեց, որ հեռակա կարգով, առկա փաստի բացակայությամբ, լոկ մամուլում ադրբեջանական աղբյուրների անըմբռնելի հայտարարությունների հիման վրա խոսելը շատ բարդ է: «Եթե նման բողոք Ադրբեջանից ստացվի, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե հատկապես ինչի մասին է խոսքը, իրավական ինչ տեսանկյուններ են շոշափվում, ինչի վրա է դրված շեշտը։ Եվ միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել միջազգային ատյաններում հնարավոր արդյունքի մասին»,- ասաց Ա.Գյուլումյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում մեր իրավաբանները չպետք է կորցնեն զգոնությունը, անհրաժեշտ է ստեղծել պրոֆեսիոնալների խմբեր, որոնք արդեն այսօր պետք է ուսումնասիրեն տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների իրավական հետևանքները, մշակեն մեր կողմի փաստարկները, հիմնավորումները, պատրաստեն միջազգային ատյաններին հղելիք հայցեր և հակափաստարկներ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե իրական վտանգ սպառնում է արդյոք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որի դեմ Ադրբեջանում քրեական գործ են հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել, Ա.Գյուլումյանը կրկին նշեց, որ թեև առաջին հայացքից թվում է, թե դա անլուրջ է և արժանի չէ ուշադրության, բայց շատ բան է կախված նրանից, թե ինչ սցենար են մտադիր իրականացնել ադրբեջանցիները: Հաշվի առնելով, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը Միջազգային քրեական դատարանի անդամ չեն, նրանք չեն կարող դիմել այնտեղ։ Թեպետ, հնարավորություն կա անել դա ոչ ուղղակիորեն, այլ երրորդ երկրների կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։ Այլ կերպ ասած, առաջին հայացքից իրական սպառնալիք չկա, բայց կրկին իսկ պետք չէ թուլացնել զգոնությունը։ Մեր զրուցակցի կարծիքով, հայ իրավաբանները պետության հովանու ներքո պետք է Ադրբեջանից առաջ անցնելու ուղեգիծ վերցնեն՝ հակափաստարկների մանրամասն մշակմամբ։

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության ստորագրմանը, ապա մեր զրուցակիցը պարզաբանեց, որ համաձայն օրենսդրության՝ ցանկացած փաստաթուղթ ուժ է ստանում երկրի ներսում համապատասխան ատյաններով անցնելուց հետո: Այն է՝ խորհրդարանով ու Սահմանադրական դատարանով։ Այդ փաստաթուղթը չի անցել այդ ատյաններով։ Ա.Գյուլումյանը համոզված է, որ պետք է անել դա գոնե հիմա՝ պոստֆակտում։ Նման զարգացման դեպքում Ռուսաստանի ու առավելևս Ադրբեջանի հնարավոր դժգոհության վերաբերյալ հարցին Ա.Գյուլումյանը պատասխանեց այսպես. «Երբ ժողովուրդը պաշտպանում է իր շահերը, ավելի ճիշտ՝ փորձում պաշտպանել այն, ինչ դեռևս հնարավոր է, ուրիշ ոչինչ նշանակություն չունի։ Ավելի զգույշ պետք է լինեին իրենց արտահայտություններում ու ձևակերպումներում, այլ ոչ թե մտածեին իրավական վերարտադրության հարցում զգուշավորության մասին։ Հիմա մեզ անհրաժեշտ է պաշտպանել սեփական շահերը գոյություն ունեցող իրավունքի շրջանակներում, և դա ավելի կարևոր է, քան այլ երկրների արձագանքը։ Հարկավոր է մանրակրկիտ մասնագիտական փորձաքննություն՝ այն առնչությամբ, թե արդյոք բոլոր կետերն են համապատասխանում մեր օրենսդրությանը։ Մեղրին դեռևս կարելի՛ է փրկել»։

Основная тема:
Теги: