Փաշինյանը գիշերը 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Գիշերվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։

«Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհայտ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր»,–գրել է նա:

Վարչապետի խոսքով` նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Նա նաև ընդգծել է, որ այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ են տարածում` հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը, տեղեկացնում է Sputnik Armenia: