Աննայի «ազնիվ ազդակը» և Մովսես Հակոբյանի հարավային ճակատի «ձախողումը»

Արցախի 9-րդ պաշտպանական շրջանի հերոսական դիմադրության ճեղքման պատասխանատվությունը կիսում է նաև ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Տեղեկությունն այսօր իր հեռուստաուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

«Այն գեներալը, որն առնվազն կիսում է պատասխանատվությունն այդ պաշտպանական շրջանի ճեղքման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ է անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված ԱԱԾ-ում՝ մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ ոմանք պատերազմի ընթացքում Ստեփանակերտից հետ են կանչվել խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով:

Վարչապետը հայտարարեց, որ այս փաստերը դեռ պարզաբանվելու են:

Փաշինյանն անդրադարձավ Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետ մուտք գործելու փաստի առիթով բարձրացած աղմուկին:

«Իմ տիկնոջն են թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70%-ը լքել էր իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Բադեն Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ: Ռմբապաստարաններում մնացած մարդկանց հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն է: Չէի իմացել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև շեշտեց, որ իր ընտանիքի անդամը մեկ անգամ է այցելել Արցախի ՊԲ հրամանատարական կետ՝ իր հանձնարարությամբ՝ ՊԲ-ին բարոյական զորակցություն հայտնելու նպատակով:

Փաշինյանը ընդգծեց, որ իր ընտանիքի անդամին Ստեփանակերտ է ուղարկել այն պայմաններում, երբ բանակում լուրեր էին տարածվում, թե թիկունքը լքել է իրենց, ուղարկել է, որ «մարդիկ տեսնեն, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում»: