ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի ծառայության պետ Էդուարդ Հարությունյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն՝ ՀՀ վարչապետի այցը նախապատրաստելու նպատակով: Որոշման մեջ նշվում է, որ վարչապետի աշխատակազմի արարողակարգի ծառայության պետը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին՝ գործուղման արդյունքների վերաբերյալ:

ԶԼՄ-ները տարածեցին հաղորդագրությունը, այն մեծ աղմուկ բարձրացրեց, և դա զարմանալի չէ. դժվար է հիշել, որ նախկինում նման հրապարակայնություն տրված լինի արարողակարգի ծառայության պետի այդօրինակ գործուղումներին: Նկատենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, ի պատասխան Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին՝ չհաստատեց ու չհերքեց այդ տեղեկությունը։ Այսինքն ստացվում է, որ թեև արարողակարգի ծառայության պետը մեկնում է Մոսկվա՝ Փաշինյանի այցը նախապատրաստելու, այդուհանդերձ ոչ բոլոր մանրամասներն են նախորոշված։

Լավատեսները կարծում են, որ դա կարող է լինել Փաշինյանի վերջին արտասահմանյան այցը՝ վարչապետի կարգավիճակով։ Դա հիմնավորված է թվում, քանի որ ակնհայտ է, թե որքան խոցելի են այսօր Փաշինյանի դիրքերը հանրապետությունում, չենք խոսում արդեն միջազգային ասպարեզում նրա վարկաբեկված հեղինակության մասին։ Այնպես որ չի կարելի բացառել, որ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի գլխավոր նպատակը կարող է լինել նրա հրաժարականի և հետագա բնակության մասին խոսելը, քանի որ Փաշինյանի ընտանիքի անվտանգությունը Ռուսաստանում ավելի հեշտ է երաշխավորել, քան Հայաստանում։

Հնարավոր է, որ իր գալիք հրաժարականի և հետագա ճակատագրի մասին մտորումներով էր թելադրված նաև Փաշինյանի վերջին տեսաուղերձը, որտեղ նա խորհրդավոր կերպով խոսում էր ինչ-որ ավտոմատավորների և խմբերի մասին, որոնք դրսի ուժերի հետ զուգահեռ մտադիր են քաոս սերմանել հանրապետությունում... Իսկ բացի այդ, ջանադրաբար պաշտպանում էր կնոջը՝ Աննա Հակոբյանին, պնդելով՝ ի պատասխան գեներալ Մովսես Հակոբյանի մեղադրանքների, թե Ստեփանակերտի պաշտպանության բանակի հրամանատարական կետում նա գտնվել է բացառապես հրամանատարներին քաջալերելու նպատակովԴա վեհանձնություն էր Փաշինյանի կողմից, միայն թե Մովսես Հակոբյանը, ի պատասխան լրագրողների հարցի, ասաց, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ է, իսկ քաջալերելու առնչությամբ խորհուրդ տվեց լրագրողներին ուղղակիորեն հարցնել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարներին. քաջալերել է արդյոք նրանց Աննա Հակոբյանը՝ հրամանատարական կետում իր ներկայությամբ, թե ոչ։ Ի դեպ, սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը նկատել է, որ ո՛չ առաջին նախագահի կինը, ո՛չ երկրորդ նախագահի կինը, ո՛չ էլ երրորդ նախագահի կինը իրենց ներկայությամբ չեն «քաջալերել» հրամանատարներին Արցախյան առաջին ազատամարտի գործողությունների մշակման ժամանակ, բայց դա չի խանգարել հաղթանակներ տանել, իսկ այ հիմա…

Հայ հասարակության մեջ գրեթե կոնսենսուս է տիրում այն առնչությամբ, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Մանավանդ որ առ այսօր նոր տվյալներ են ստացվում կորուստների վերաբերյալ, որոնց մասին նախկինում լռել են։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Արցախում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 2660 մարդ՝ վերապահում անելով, որ դա վերջնական թիվը չէ: Նշենք, որ մինչ օրս իշխանությունները ներկայացրել են զոհվածների 1800-ից պակաս անուն, իսկ ավելի վաղ իշխանության առանձին ներկայացուցիչներ գրեթե երդում-պատառ էին ուտում, թե մեր կորուստների թիվը չի կարող գերազանցել 2 հազարը։ Ինչպես տեսնում ենք, առնվազն 600 զոհվածների տվյալներ դեռ պետք է պարզվեն։ Առնվազն։

Հիմքեր կան պնդելու, որ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում նրա հրաժարականը կլինի այցի թեմաներից եթե ոչ գլխավորը, ապա դրանցից մեկը։ ԶԼՄ-ների հաղորդագրությունները վկայում են, որ խորհրդարանական մեծամասնությունը նույնպես հասկանում է. Փաշինյանին պետք է հեռացնել, քանի որ նրա վարչապետության օրոք իր, Ալիևի և Պուտինի եռակողմ համաձայնագրի իրագործումը նոր վտանգներով է սպառնում Հայաստանին։

Եթե առաջիկա այցի ընթացքում խոսքը վերաբերեր բացառապես Փաշինյանի, Ալիևի և Պուտինի պայմանավորվածությունների կենսագործման մանրամասներին, ապա հայտնի է, որ Ռուսաստանի նախագահը մշտական կապի մեջ է երկու առաջնորդների հետ, ռուս խաղաղապահներն ու ռուսաստանյան այլ կառույցները պատերազմի հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման գլխավոր իրագործողներն են, և դժվար թե այդտեղ թաքնված լինի ինչ-որ բան, ինչի համար անհրաժեշտ է Փաշինյանի այցը: Այնպես որ վարչապետի հրաժարականի թեման արդիական է, և ակնկալիքներ կան, որ այցից հետո այդ հարցում հստակություն կմտնի։ Կցանկանայինք ակնկալել, որ կոնկրետ արդյունք կլինի, ինչը թույլ կտա շրջել Հայաստանի պատմության այս սև էջը, որն ի դժբախտություն մեզ սկսվեց երկուսուկես տարի առաջ՝ Նիկոլ Փաշինյանի ու իր ձախողակ թիմի իշխանության գալուց հետո։