Հ.Հարությունյան. Զինվորների ծնողներին խաբել են, որ լրատվամիջոցների ներկայության դեպքում երեխաների համար վատ կլինի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռազմագերիների և անհետ կորածների հարազատների հետ վարչապետի հանդիպմանը լրատվամիջոցները չեն մասնակցել, նրանց ստորաբար խաբել են, որ լրատվամիջոցների մասնակցության դեպքում ձեր երեխաների համար վատ կլինի մյուս կողմում ։

 



Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «TV5» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, որն այլ լրատվականների խմբագիրների հետ գնացել էր զորակցելու Կառավարության շենքի մոտ հացադուլ անող Գեղամ Մանուկյանին, տեղեկացնում է News.am։

«Դա միտումնավոր ասված խոսք է, որ ծնողներին հանեն լրատվամիջոցների դեմ։ Ծնողներին ստորաբար խաբում են, ինչպես խաբել են 25 տարի բոլոր բնագավառներում։ Այս մարդիկ առանց խաբելու չեն կարող իշխել։ Իրենց ճշտմարտությունը շատ հստակ է՝ սուտ։ Եթե լրատվամիջոցը փորձում էր ճիշտ բան ներկայացնել միանգամից ոստիկանությունը այցելում էր և տուգանք էր գրում։ Արծրուն Հովհաննիսյանը նստած Ստեփանակերտի միասնական կենտրոնում ստատուս է գրում, որ հիմա գտնվում է Հադրութում և այստեղ բոլորը հայեր են։ Դա գրում է այն ժամանակ, երբ լուրը տարածվում է, որ Հադրութն ընկած է։ Այդ մասին ինձ պատմել են լրագրողները, որոնք եղել են այնտեղ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ հիմա էլ իշխանությունը շարունակում է խաբել։

«Մանե Գևորգյանն ասաց, որ Սոթքում ադրբեջանցիներ չկան։ Ես գրեցի՝ եթե կառավարության խոսնակը հերքում է, ուրեմն հավատացեք, որ կա։ Եվ հետո պարզվեց, որ այո, Սոթքում ադրբեջանցիներ են։ Մանե Գևորգյան, ինչո՞ւ ես ստում։ Ես չեմ հավատում նրանց ասած ոչ մի բառի։ Հիմա ծնողները հավատում են, որովհետև իրենք իրենց համոզում են, որ հավատան»։

Անդրադառնալով ԱԺ–ում իրենց հեռուստաընկերության լրագրողի և իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև միջադեպին, երբ պատգամավորը լրագրողին սպառնացել էր, թե՝ «պատերազմն ավարտվի, դուք ձեր հալը կտեսնեք», Հարություն Հարուփյունյանն ասաց. «Երկու գործ կա՝ մեկը մենք դիմեցինք դատախազություն, դատախազությունը մակագրել է ՀՔԾ։ Երկրորդ գործն ընդունվել է վարչական դատարան, մենք պահանջել ենք վարչական դատարանում 840.000 դրամի փոխհատուցում և որ այդ գումարը փոխանցվի զինվորի ապահովագրման հիմնադրամ։ Այս գումարը ներկայացնելիս հաշվել ենք պատգավորի մեկ ամսվա աշխատավարձը և պարգևավճարը»։