Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼԿՏԻԱԲԱՐ ՍՏՈՒՄ Է»

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Facebook-ում կատարած գրառմամբ պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ հրադադարի ու Շուշին հանձնելու առաջարկի մասին:

«Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից. ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել»,- Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպման որոշ մանրամասներ է ներկայացնում Շարմազանովը:

Նա նաև հայտնում է, որ դրանից շուրջ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 12-ին, Նիկոլ Փաշինյանին առաջարկել է խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։

«Ավելին. ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել ու պատերազմը շարունակվելու դեպքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։ Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք»,- գրում է Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նաև հիշեցնում է, որ Փաշինյանը հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ինչը Պուտինի բնորոշմամբ, իր համար «անհասկանալի» է եղել։ «Իսկ այսօր լկտիաբար ստում է, թե Պուտինը իր պատասխանը «տրամաբանական» է համարել»,- նշում է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ավելի վաղ Facebook-ում Արցախյան պատերազմի մասին հերթական գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ նրանց տեղեկացրել է, որ որոշում է կայացրել ընդունելու Պուտինի հրադադարի առաջարկը: «Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են և այլն»,- գրել էր Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնել էր, թե այդ պահին, եթե անգամ Հադրութի հարցով համաձայներ, Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը չէր պատկերացնում:

Sputnik Armenia