Փաշինյանը պատմել է` ինչու Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն այդպես էլ չմեկնեցին Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում մանրամասներ է հայտնել ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` պատերազմական օրերին Մոսկվա այց նախատեսելու մասին։

Փաշինյանը նշել է, որ հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկել են Հայաստանի և Արցախի ներկա, նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում:

«Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը: Ղուկասյանը և Սահակյանը մեր հաջորդ հանդիպմանը ասացին, որ գաղափարին մի նրբություն է ավելացել. Տեր-Պետրոսյանը և Քոչարյանն ուզում են մեկնեն Մոսկվա, այնտեղ հանդիպումներ ունենան, և մեր հանդիպումը կազմակերպվի նրանց վերադարձից հետո»,–գրել է նա:

Փաշինյանի խոսքով` ինքը դեմ չի եղել այդ գաղափարին, ասել է, որ պետական ինքնաթիռը կտրամադրի: Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իր համաձայնությունից հետո ևս մեկ հարց են բարձրացրել. ասել են` անհրաժեշտ է, որ Փաշինյանը միջնորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ:

Սակայն Փաշինյանն ի պատասխան նշել է, որ ՌԴ նախագահի հետ մշտական կապի մեջ է, և Պուտինը կարող է հարցնել, թե այդ ի՞նչ ասելիք ունի, որ չի կարողանում ուղիղ ասել, և դա ուզում և ասել հատուկ բանագնացների միջոցով: ՀՀ վարչապետն առաջարկել է այլ տարբերակ` կազմակերպել Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, որտեղ նրանք կլինեն ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևի հյուրը, որն այժմ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ է։

Սակայն, ըստ Փաշինյանի, Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հետաքրքիր չի եղել այդ առաջարկը։ Ավելի ուշ Բակո Սահակյանն ասել է, որ վերջիններս Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն:

«Էդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։