Դավիթ Բաբայան. Ստեփանակերտի օդանավակայանը, հնարավոր է, այս տարի սկսի գործել

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ օդանավակայանը կլինի ոչ միայն ռազմական, այլև՝ քաղաքացիական նշանակության։

«Այն պետք է ծառայի որպես տրանսպորտային հանգույց ապաշրջափակման, հաղորդակցության վերաբացման կարևոր օբյեկտներից մեկը», - նշեց Բաբայանը։

Նա ասաց, թե պետք է այնպես անել, որ Արցախը վերականգնվի, իսկ այս տեսակետից չափազանց կարևոր է օդանավակայանի առկայությունը։

«Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ օդանավակայանը շուտով կվերաշահագործվի ու կծառայի մեր ժողովրդին», - ասաց Բաբայանը։

Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց՝ կարծում է, այս տարում էլ կարող է օդանավակայանը շահագործվել։

«Կտեսնենք», - նշեց Դավիթ Բաբայանը։

Օդանավակայանը պատերազմի օրերին թիրախավորվել է հակառակարդի կողմից, սակայն, Բաբայանի խոսքով, լուրջ վնասներ չկան, որ անհնարին լինի շահագործումը։

«Շատ օպերատիվ ձևով հնարավոր է շահագործել», - հավելեց Դավիթ Բաբայանը։