Արծվիկ Մինասյան․ Եթե ժողովուրդը պահանջի, ապա կունենանք պաշտոնազրկված դավաճան

Մեր նպատակն է ձևավորել այնպիսի անցումային կառավարություն, որի անելիքներն այս պահին հստակ են, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

«Ցավոք, իշխանությունը սա ոչ միայն չի գիտակցում, նաև հասարակության մի էական հատվածի հակառակն է տրամադրում՝ շարունակելով իր կեղծ լուրերն ու պառակտումները։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի հրձիգ է։ Երկիրը ներքաշել է պատերազմի մեջ, երկուսուկես տարի պետությունը թուլացրել է իր վարչախմբով հանդերձ և այսօր փորձում է տարբեր հայտարարություններ ներկայացնել՝ իբրև իրեն պաշտպանելու միջոց», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա համոզմունք հայտնեց՝ եթե ժողովուրդը հետևողական լինի, ապա հեղափոխություն կլինի։

«Եթե ժողովուրդը պահանջի, ապա սահմանադրական ճանապարհով կունենանք պաշտոնազրկված դավաճան, որին սպասում է նաև օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդումը, դրանից հետո կունենանք արժանապատիվ իշխանություն», - ասաց Մինասյանը, տեղեկացնում է Aysor.am։