ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ, ՆԻԿՈԼԸ՝ ՍՏԻ ԱՐՏՈՒՄ

Նոյեմբերի 29-ին և 30-ին Նիկոլ Փաշինյանի հրապարակված «անկեղծացումների» հերթական չափաբաժնի վերաբերյալ արձագանքները տեղավորվում էին մեկ բառի մեջ. ստո՛ւմ է։ Հենց այդպիսի արձագանք հաջորդեց Հայաստանի երեք նախկին նախագահների ներկայացուցիչների կողմից, ընդ որում՝ բավականին կոպիտ ու վիրավորական ձևով։ Դեկտեմբերի 1-ին, երբ հայտարարությամբ հանդես եկան Արցախի Հանրապետության երկու նախկին նախագահները, իսկ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչն ավելի մանրամասն մեկնաբանություն հրապարակեց, պատկերն ամբողջացավ։ Եվ հաստատեց օրակարգում մնացած գլխավոր հարցը. ինչո՞ւ Փաշինյանը չի համաձայնել հոկտեմբերի 19-20-ին հայկական կողմերի համար առավել շահավետ պայմաններով ռազմական գործողությունների դադարեցմանը և որոշել շարունակել պատերազմը մինչև նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։

Առանց չափազանցության՝ ամեն օր քաղաքական գործիչները մեկը մյուսի հետևից նորանոր ցնցող փաստեր են ներկայացնում այն վիթխարի ողբերգության մասին, որը խոր դեպրեսիայի մեջ է գցել ողջ երկիրն ու ողջ ժողովրդին՝ ամբողջ Հայաստանի վրա կախված ահավոր վտանգի հստակ գիտակցմամբ: Այդ փաստերի առյուծի բաժինը անձամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքներ են ծանրագույն հանցագործություններ կատարելու մեջ։ Բանն այնտեղ է հասել, որ Փաշինյանին ու իր քաղաքականությունը մերկացնող տեղեկությունների իր բաժինն ավելացրեց նրա «կիրթ» բարեկամ Իլհամ Ալիևը, որի խոսքերով՝ 30 տարի շարունակ հայկական կողմը միտք անգամ չի հանդուրժել Քաշաթաղի (Լաչինի) շրջանը հանձնելու մասին, ավելին. իրականացրել է այդ տարածքների բնակեցման ծրագիր։ Եվ միայն Փաշինյանի օրոք Քաշաթաղը հանձնելու հարցը արդիականություն ձեռք բերեց և լուծվեց թուրքական սցենարով. հանձնվեց Ադրբեջանին՝ Հայաստանի հետ կապի համար թողնելով 5-կիլոմետրանոց միջանցք։

Ալիևը պարծենում է նաև նրանով, որ սակարկել է ամեն տասնյակ կիլոմետրի համար. սկզբում, ըստ նրա, խոսքը վերաբերել է 30 կիլոմետրի, հետո՝ 10, և վերջապես կանգ են առել 5-ի վրա։ Ընդ որում նշում է Քաշաթաղի բնակեցման քաղաքականության արդյունքում այնտեղ հիմնված հայերի թիվը. 10 հազար։ Այդ 10 հազարի ճակատագիրը (գուցե ավելի քիչ, բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէ) գրչի մեկ հարվածով որոշեց Նիկոլ Փաշինյանը, որը դատապարտեց նրանց փախստականի վիճակի, կացարանի ու ունեցվածքի կորստի, Հայրենիքի կորստի։

Հիմա, երբ բոլոր հինգ նախկին նախագահները մանրամասներ են հրապարակել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-20-ին, հասկանալի է, որ հենց Փաշինյանն է միանձնյա պատասխանատվություն կրում առնվազն այն բանի համար, ինչ տեղի էր ունենում հաջորդած 20 սարսափելի օրերի ընթացքում։ Քանզի նա հրապարակավ խոստովանեց, որ ինքն է որոշում կայացրել շարունակել պատերազմը՝ չնայած զինվորականների կոչերին և Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միասնական դիրքորոշմանը։ Բայց միևնույն ժամանակ ստի այնպիսի շերտով է պարուրում իրականությունը, որ պարզապես ապշում ես, թե որքան ցինիզմ, հիմարություն, հավակնոտություն ու տգիտություն կարող է լինել մեկ մարդու մեջ։ Եվ դա այն դեպքում, եթե բացառես ի վնաս երկրի և ժողովրդի իրականացված կանխամտածված ու միտումնավոր գործողությունների, պարզ ասած՝ դավաճանության վարկածը։

Հակիրճ հիշենք, թե ինչ էր գրել Փաշինյանը, մասնավորապես, նոյեմբերի 29-ին՝ եռանդագին փորձելով արդարանալ կապիտուլյացիայի համար։ Նա հաղորդել էր, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է դադարեցնել պատերազմը, ընդգծելով, որ դա նաև Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքն է։ Փաշինյանը զանգահարել է Պուտինին և առաջարկել դադարեցնել պատերազմը՝ նախկին ԼՂԻՄ-ի սահմանի երկայնքով ու Լաչինի միջանցքում խաղաղապահների տեղակայման և կարգավիճակի հարցի հետաձգման պայմաններով: ՌԴ նախագահը, Փաշինյանի խոսքերով, համաձայնել է և խոստացել խոսել Ալիևի հետ։ Որից հետո Փաշինյանը հրավիրել է արտախորհրդարանական ուժերին և հայտնել ընդունված որոշման մասին, նույնը արվել է Անվտանգության խորհրդի նիստում՝ Ազգային ժողովի խմբակցությունների, նախագահի և Կաթողիկոսի մասնակցությամբ:

Հաջորդ օրը Ղուկասյանն ու Սահակյանը հայտարարել են, որ համաձայն չեն այդ տարբերակին՝ առանց կարգավիճակի հստակեցման։ «Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև, ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչև վերջ», - հայտարարում է Փաշինյանը:

ԻՆՔՆ է որոշում կայացրել, հասկանո՞ւմ եք։ Ինքը՝ դասալիքն ու ապաշնորհը, որը գաղափար չունի ռազմական գործի, դիվանագիտության մասին և անուն է հանել միայն որպես մեծ խառնակիչ ու շահարկիչ, որոշում է կայացրել գնալ մինչև վերջ։ Դեռ հոկտեմբերի առաջին օրերին ունենալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գնահատականը պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, քանի որ մարտական գործողությունների նման ինտենսիվությունը կհանգեցնի բոլոր ռեսուրսների սպառման։ Եվ ամեն հաջորդ օրվա հետ հայկական կողմը գնալով ավելի անշահավետ պայմաններ կունենա բանակցային գործընթացի համար։

Այս գնահատականը, ինչպես նշեց նոյեմբերի 11-ի իր հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանը, այնուհետ բազմիցս է հնչել։ Նույնիսկ եթե հաշվի առնենք հոկտեմբերի սկզբին պատերազմը դադարեցնելուց թուրքերի հրաժարումը, արդեն ոչ մի կասկած չի հարուցում այն փաստը, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ամենաիրական հնարավորություն է ունեցել դադարեցնելու պատերազմը Արցախի և Հայաստանի համար առավել շահավետ պայմաններով, Շուշիի և Հադրութի պահպանմամբ։ Ավելին, նա ուներ հայոց հինգ նախագահների դիրքորոշումը, որոնք համաձայն էին, ինչպես դեկտեմբերի 1-ին հայտարարեց Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը, վարչապետի հետ կիսել այդ որոշման ընդունման պատասխանատվությունը։

«Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, և նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաև Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը»,-գրում է Ա.Մուսինյանը:

Այսինքն Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել շարունակել պատերազմը՝ անտեսելով շատ ավելի բանիմաց, փորձառու և պատասխանատու մարդկանց դիրքորոշումն ու գնահատականները։ Եվ շարունակել է մինչև նոյեմբերի 9-ը՝ Ադրբեջանի պետական դրոշի օրը, երբ հայտարարվեց Շուշիի անկման մասին, ինչի հանգամանքները ևս բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Փաշինյանի ներկայացրած փաստարկներից մեկը՝ որպես ընդունված որոշման պատճառ, Ալիևի պահանջն էր, որ ադրբեջանցիները վերադառնան բերդաքաղաք։ «Հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը», - հայտարարում է նա:

Նիկոլի մյուս բոլոր «փաստարկները» իր անձնական ենթադրությունների ոլորտից են։ «Այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը: Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի»,- ահա այդ մարդու դատողությունները պետության համար ճակատագրական որոշման վերաբերյալ։ Մի մարդու, կրկնեմ, որը ոչինչ չի հասկանում ո՛չ ռազմական գիտությունից, ո՛չ դիվանագիտության արվեստից, որն այդպես էլ չըմբռնեց Ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, ինչն էլ բազմիցս ապացուցել է երկուսուկես տարվա ընթացքում։ Եվ այդ մարդը միանձնյա կայացրել է որոշումներ, որոնք վճռեցին Արցախի և Հայաստանի ճակատագիրը։ Նա հրաժարվել է Շուշի վերադարձնել ադրբեջանցիներին, որպեսզի 20 օր անց հանձնի Շուշին ամբողջությամբ։

Արդյունքում այսօր ունենք տասնյակ հազարավոր փախստականներ, մի քանի հազար զոհվածներ, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անհայտ կորածներ, խեղված ու հաշմանդամ դարձած հազարավոր մարդիկ, ինչպես նաև պետական կառավարման խորագույն ճգնաժամ։ Այդ թվերը կարող էին մի քանի անգամ պակաս լինել, և իրավիճակն էլ այսքան աղետալի չէր լինի, եթե նա որոշում կայացներ երեք շաբաթ առաջ, կիսելով դրա պատասխանատվությունը հինգ նախկին նախագահների հետ և դրանով իսկ էապես մեղմացնելով սեփական մեղքը։

Ուրիշ ի՞նչ եզրահանգում կարելի է անել, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե այլ պայմանավորվածություններ ու այլ նպատակներ է ունեցել։ Ուրիշ ի՞նչը կարող էր նրան դրդել հրաժարվելու պատերազմը 20 օր ավելի շուտ դադարեցնելուց և դրանով իսկ հազարավոր մարդկանց մահը և հայկական հողերի, այդ թվում ՝ մեր Հաղթանակի խորհրդանիշ Շուշիի կորուստը կանխելուց։

Այս հարցերի պատասխանը, ինչպեսև հենց Շուշիի հանձնման առեղծվածային հանգամանքների առնչությամբ բազմիցս հնչածները, ընկած են մենիակ հարթության մեջ։ Դա ոչ միայն պարզապես հիմարությունն է, տգիտությունն ու փորձի բացակայությունը։ Դրանք ոչ միայն ծայրահեղ հավակնություններն են, չափազանցված ինքնագնահատականը և անսահման ինքնասիրահարվածությունը։ Եվ դա պարզապես սխալն էլ չէ, քանզի նույնիսկ հիմար ու տգետ մարդը, հայտնվելով իշխանության բարձունքում և պատասխանատվություն կրելով երկրի ու ժողովրդի համար, չի կարող չհասկանալ, որ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչի անհրաժեշտությունը պնդում են և՛ գեներալակազմը, և՛ փորձառու քաղաքական գործիչները, կփրկի հազարավոր կյանքեր և կպահպանի սեփական տարածքների հարյուրավոր կիլոմետրեր։

Դա հայ ժողովրդի և պետականության դեմ գիտակցաբար կատարված հանցագործություն է, որը կոնկրետ հոդված ունի Քրեական օրենսգրքում։ Եվ կասկածից վեր է, որ օրեցօր ի հայտ կգան Փաշինյանի կողմից այդ հանցագործության կատարման նորանոր ապացույցներ։ Քանի որ հենց նա է որոշում կայացրել չհամաձայնելու դադարեցնել պատերազմը հոկտեմբերի 20-ին և համաձայնելու դադարեցնել դա նոյեմբերի 9-ին։