Երևանը հաջորդ տարի էլ կրկես չի ունենա

Երևանի կրկեսն այս տարի էլ չավարտեց շինարարությունը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Երևանյան կրկես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներել պայմանագրով ստանձնած 7.200.000 դրամի ներդրումային պարտավորությունների չկատարումը:

Փոխարենն ընկերությունը նոր պարտավորություն է ստանձնում շենքի շինարարական աշխատանքները այս տարվա փոխարեն ամբողջությամբ ավարտել 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:

Կառավարության որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման, միաձայն:

Այսպիսով, Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը կարժենա ընդհանուր 6 միլիարդ ՀՀ դրամ:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում կրկեսի ղեկավարությունը պետք է աշխատանքային պայմանագրեր կնքի 30 աշխատակիցների հետ՝ պայմանագրերի կնքելու պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, տեղեկացնում է Sputnik Armenia։