1–5 մլն դրամ. պետությունն աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին ու հաշմանդամներին

Արցախյան պատերազմական գործողությունների հետևանքով զոհված ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք ու նրանց ընտանիքները ևս պետությունից ֆինանսական աջակցություն կստանան: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Նրա խոսքով՝ որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը կներկայացվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 9-ը:

Իսկ չափերն արդեն հատնի են:

Որոշման համաձայն` առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձինք կստանան՝ 3.000.000, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերածները՝ 2.000.000, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձինք՝ 1.000.000 ՀՀ դրամ աջակցություն: Հաշմանդամ երեխաներին կտրվի 3.000.000 ՀՀ դրամ, զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5.000.000 ՀՀ դրամ:

«Հիշեցնեմ, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է զինծառայողների հիմնադրամի միջոցով: Մենք ամիսների առաջ նման կարգավորում ունեցանք այս որոշմաը համարժեք՝ սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար: Իսկ հիմա, փաստորեն, կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկումից հետո որոշումն ընդունվեց, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: