Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, թե ինչ է պետք անել Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն` Այվազյանը 4 քայլ է նշել.

1.      Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,

2.      Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,

3.      վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,

4.      Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

«Իսկ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,–ասել է Այվազյանը։

Նրա խոսքով` այդ նպատակին հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այվազյանը նշել է, որ դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է նրանց միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում, տեղեկացնում է Sputnik Armenia: