Բորել․ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանացնում են» հակամարտությունը Ղարաբաղում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը և Թուրքիան «աստանացնում են» (Սիրիայի կարգավորման Աստանայի ձևաչափի անալոգիա, որին մասնակցում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը) հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում՝ ԵՄ-ին դուրս մղելով կարգավորման գործընթացից: Համապատասխան հայտարարությունը նա արել է նախօրեին հրապարակված իր բլոգում, գրում է TASS-ը։

«Նման հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան, մենք ականատես ենք լինում տարածաշրջանային հակամարտությունների «աստանացման», ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- գրել է Բորելը։

Բորելը նշել է, որ ԵՄ-ն պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են միության շահերը:

«Ուստի մենք պետք է լրացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվ լինենք այնտեղ, որտեղ վտանգված են մեր շահերը»,- ավելացրել է նա, տեղեկացնում է Panorama.am: