National Interest. ՄԻՋԱՆՑՔ ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ՝ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ
Զենքերը լռել են, ռուս խաղաղապահները բաժանում են հայերին և ադրբեջանցիներին և պահպանում հնագույն հայկական վանքերը, որպեսզի թույլ չտան դրանց ավերումը ադրբեջանցի զինվորականների և սիրիացի վարձկանների կողմից: Համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը շուտով կսկսի գործունեությունը Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբից ամերիկացի և ֆրանսիացի դիվանագետները ձգտում են վերադառնալ դիվանագիտական պրոցեսին, որը խարխլվել է, երբ ադրբեջանական ուժերը Թուրքիայի օգնությամբ անսպասելի հարձակում գործեցին Արցախի վրա: Այս մասին National Interest-ում իր հոդվածում գրում է Մայքլ Ռուբինը:
«Կարող է թվալ, թե պատերազմն ավարտվել է, սակայն արևմտյան դիվանագետները պետք է զգույշ լինեն. Լաչինի միջանցքի շուրջ պայմաններն ամբողջությամբ սահմանված չեն, և երթուղին վտանգավոր է մնում խաղաղ բնակիչների համար:
Լաչինը կարող է խնդրահարույց լինել, սակայն դա գլխավոր խնդիրը չէ:
Նոյեմբերի 10-ին արագ ստորագրված փաստաթղթի մեջ կա դրույթ, որը կարող է նոր պատերազմի համար սերմեր ցանել. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդագրության անվտանգությունը՝ քաղաքացիների, ավտոմեքենաների և բեռների անխոչընդոտ տեղափոխումը կազմակերպելու նպատակով»:
Կա երկու խնդիր. առաջինը Ադրբեջանի երկու հատվածները միացնելու համար բազմաթիվ «օղակների» օգտագործումը:
Երկրորդ խնդիրը թուրքական բեռնատերերի տեղափոխումն է, որոնք կօգտագործեն նոր երթուղի Ադրբեջանում թուրքական ազդեցությունն ուժգնացնելու համար: Սակայն եթե, օրինակ, դիպուկահարը հարվածի բեռնատարի թուրք վարորդին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կմեղադրի Հայաստանին և կպահանջի բուֆերային գոտի ստեղծել:
Այն փաստը, որ Էրդողանը նախկինում վերաձևակերպել է բուֆերային գոտի ստեղծելու մասին պահանջները, կստիպի նրան ևս մեկ անգամ փորձել այդ ռազմավարությունը: Թուրքական ուժերը նախկինի պես մնում են Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ տրամադրում են անձը հաստատող թուրքական փաստաթղթեր, թուրքական կրթության պարտադրում և թուրքական փոստային բաժանմունքների հիմնում:
Հայաստանի որևէ կառավարություն՝ ո՛չ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ո՛չ որևէ ընդդիմադիր գործիչ, չի համաձայնի թուրքական վերջնագրի հետ: Ցանկացած բուֆերային գոտի փաստացի կիսում է Հայաստանը:
Սակայն հայ զինվորականները չեն կարող համեմատվել Թուրքիայի հետ ո՛չ սարքավորումներով, ո՛չ թվաքանակով: ՆՄան սցենարում միակ անկանխատեսելի երևույթը Ռուսաստանն է, սակայն անցած ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Էրդողանի ինքնավստահությունը գերազանցում է նրա վախը Ռուսաստանի առջև:
Պարզ ասած՝ ԱՄՆ-ն շատ հաճախ է շաշկի խաղում, իսկ այլ երկրներ շախմատ են խաղում: Ժամանակն է, որպեսզի Վաշինգտոնը, Փարիզը և միջազգային հանրության այլ մասնակիցներ մի քանի քայլ առաջ մտածեն և կանխատեսեն Կովկասում հաջորդ պատերազմը՝ այն կանխելու համար: Հնարավոր է, որ ամենահեշտ լուծումը կլինի թուրքական բեռնատարերի արգելումը: Դիվանագետները կարող են գնահատել լռությունը, սակայն նրանք պետք է զգույշ լինեն. անցյալի նախադրյալները և ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ լռությունը խաղաղության հիմք չէ, այլ հանդարտություն փոթորկից առաջ»: