Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի ոչ առցանց ռեժիմով

Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի ոչ առցանց ռեժիմով՝ առաջին անգամ համաճարակի երկրորդ ալիքի սկզբից ի վեր:

Այս մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն՝ այս պաշտոնում իր աշխատանքի առաջին տարվա ավարտին նվիրված մամուլի ասուլիսում:

«Գագաթնաժողովը կանցկացվի առերես: Սա շատ լավ է, քանի որ գագաթնաժողովի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են, որոնք մենք կարող ենք լուծել միայն միմյանց աչքերին նայելով և նույն սենյակում գտնվելով», - ասել է նա:

Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ առաջնորդները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Թուրքիայի վրա ազդելու բոլոր միջոցները՝ Միջերկրական ծովում իր գործողությունների պատճառով՝ դադարեցնելով խաղալ «մուկն ու կատու»:

«Ժամանակն է դադարեցնել մուկն ու կատու խաղալ Թուրքիայի հետ: Հոկտեմբերին ԵՄ-ն առաջարկել է Թուրքիային մշակել դրական օրակարգ, բայց դա տեղի չունեցավ: Այդ պատճառով ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Անկարայի վրա ազդելու բոլոր միջոցները, որոնք մենք ունենք», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am:

Առաջիկա գագաթնաժողովում քննարկվելու են Թուրքիայի դեմ պատժամիջոցները: