24 ՏԱՐԻ ԱՆՑ. ԻՆՉՈ՞Ւ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Եվ այսպես, հայկական ընդդիմությունը՝ ի դեմս 16 կուսակցությունների, կողմնորոշվեց ժամանակավոր վարչապետի թեկնածության հարցում. դա անչափ փորձառու Վազգեն Մանուկյանն է։ Մարդ, որը կանգնած է Ազգային-ազատագրական շարժման ակունքներում, ազգային գաղափարախոսության մշակողներից մեկն է և սակավաթիվ մտավորականներից մեկը հայկական քաղաքականության մեջ։ Որը կարողացել է անկախ Հայաստանի կարևորագույն գործընթացներին ակտիվ մասնակցության 32 տարիների ընթացքում արժանանալ հասարակության գերակշիռ մասի կայուն հարգանքին, չի վարկաբեկել իրեն տարբեր տեսակի կոռուպցիոն սկանդալներում ներքաշվածությամբ և պահպանել է պետականամետի համբավը:

Վերաբերմունքը Վազգեն Մանուկյանի նկատմամբ, ինչպեսև այդչափ մեծ փորձ ունեցող ցանկացած այլ քաղաքական գործչի, տարբեր է, և դա նորմալ է։ Շատերը նրան են համարում են գլխավոր մեղավորը, որ 1996-ին չհաջողվեց պաշտպանել ընդդիմության հաղթանակը նախագահական ընտրություններում։ Ցուցանշական է, որ 24 տարի անց Մանուկյանը կրկին դարձավ ընդդիմության միասնական թեկնածուն, և կրկին, ինչպես 90-ականների կեսերին, Հայաստանի համար ճակատագրական է Արցախի հարցը։ Այս հանգամանքը, ինչպեսև մի շարք այլ առանցքային գործոններ, պետք է հաշվի առնել առաջին հերթին, գնահատելով պետության ղեկավարի պաշտոնում հենց այդ քաղաքական գործչի ընտրության իրավաչափությունը երկրի և ժողովրդի համար թերևս ամենապատասխանատու և ծանր ժամանակաշրջանում։

Նախ՝ պետք է կարողանալ զատել հատիկը որոմից և հասկանալ գլխավորը. մերօրյա Հայաստանի պայմաններում, երբ զրպարտված ու վարկաբեկված են գրեթե բոլոր պետական ու քաղաքական գործիչները, երբ կուսակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը զրոյացած է, երբ իշխանափոխության անհրաժեշտության մասին խոսելու ցանկացած փորձ հասարակության զգալի մասի կողմից ընկալվում է որպես աթոռակռիվ, խիստ կարևոր է քաղաքական գործչի ոսկերչական ճշգրտության ընտրությունը երկրի ժամանակավոր առաջնորդի դերի պարագայում։ Այնպիսի գործիչ, որն ընդունելի կլիներ բոլորի համար, պառակտված ու բուռն կրքերից փոթորկվող Հայաստանում այսօր չկա, ուստի անհրաժեշտ էր մարդ, որին կընդունի մեծամասնությունը։

Մեկ այլ կարևոր պահ. այդ մարդը պետք է համաձայներ իր վրա վերցնել ահռելի պատասխանատվություն՝ գերազանց հասկանալով ճգնաժամի ողջ խորությունը և պահի բախտորոշությունը՝ առանց չափազանցության։ Եվ համաձայներ՝ ելնելով հենց հայրենիքի փրկության հրամայականից։ Չնչին կասկած անգամ չպետք է լիներ, որ նա համաձայնում է զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը ոչ թե հանուն իշխանության կամ այլ շահաբաժինների, այլ գալիս է կոլեգիալ աշխատանք իրականացնելու, որպեսզի փորձի այլ առողջ ուժերի հետ միասին հաղթահարել առավել հրատապ մարտահրավերները, առավելագույնս կայունացնել իրավիճակը երկրի ներսում և արտաքին դաշտում, որից հետո կամավոր հեռանալ՝ հող նախապատրաստելով արտահերթ ընտրությունների համար։

Այս համատեքստում պետք է օպտիմալ համարել ոչ միայն ընտրությունը, այլև հստակ ձևակերպված պայմանները, որոնց հիման վրա ընդդիմությունը համաձայնեցրել է նրա թեկնածությունը։ Այսպես, վարչապետ նշանակվելու դեպքում նա կկասեցնի քաղաքական գործունեությունը, անձամբ չի մասնակցի արտահերթ ընտրություններին, որոնց ակնկալիքն ունի ընդդիմությունը, և չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Վազգեն Մանուկյանի հիմնական խնդիրը պետության հակաճգնաժամային կառավարման կազմակերպումն է և ժողովրդին հետպատերազմյան շոկային վիճակից դուրս բերելը՝ առաջին հերթին անվտանգության հարցերի վրա կենտրոնացումով, ինչպես նաև Արցախի շուրջ բանակցային գործընթացի մեկնարկը որակապես նոր պայմաններում։ Ընդդիմությունն ընդգծում է, որ նպատակ չունի չեղարկել կամ չկատարել եռակողմ հայտարարությունը, միևնույն ժամանակ հասկանալի է, որ հայկական դիվանագիտությունը պետք է վերջապես մտնի արդյունավետ պաշտպանության հուն, այլ ոչ թե հանձնի հայկական պետության և ժողովրդի շահերը։

Բոլոր այս տեսանկյուններից Մանուկյանի ընտրությունը ճիշտ է թվում։ Առաջին հերթին՝ հաշվի առնելով հակաճգնաժամային մենեջերի նրա ունակությունները, պետական կառավարման հսկայական փորձը, բանակցություններ վարելու կարողությունը և հավատարմությունն ազգային գաղափարախոսությանն ու ազգային արժեքներին։ Չափազանց կարևոր է, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել Հայոց բանակի ոչ միայն ստեղծմանը, այլև ղեկավարմանը Արցախյան առաջին ազատամարտի ամենածանր շրջանում։ Հենց Մանուկյանի ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ 1991-ի հոկտեմբերից մինչև 1992-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում պատերազմի ընթացքը հաջողվեց արմատապես բեկել՝ ծանր պարտություններից և անընդմեջ նահանջից աստիճանաբար անցնելով հարձակման ու հասնելով պատմական հաղթանակների՝ ընդհուպ մինչև Շուշիի ազատագրում և շրջափակման ճեղքում։ Ցուցանշական է, որ այս ամենի խորապատկերին 92-ի օգոստոսին Տեր-Պետրոսյանը հեռացրեց նրան պաշտպանության նախարարի պաշտոնից. պատճառների մասին ժամանակին շատ է խոսվել և այստեղ պատեհ չէ մանրամասնել դրանք։

Կան նաև մի քանի այլ հետաքրքիր տեսանկյուններ, որոնք հաստատում են ընտրության ճիշտ լինելը։ Մանուկյանը հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետն է. այն բարդագույն շրջանի, երբ անկախության հարցը կանխորոշված էր, բայց ԽՍՀՄ-ը դեռ պահպանվում էր։ Նա Հայաստանում միակ քաղաքական գործիչն է, որը հիմնել է միանգամից երկու կուսակցություն, որոնք կարևոր դերակատարություն են ունեցել անկախ ՀՀ պատմության մեջ և տվել պետական գործիչների մի ամբողջ համաստեղություն. ՀՀՇ-ն և Ազգային ժողովրդավարական միությունը։ Մանուկյանը միավորված ընդդիմության ներկայացրած առաջին և դեռևս միակ թեկնածուն է ՀՀ պատմության մեջ, որը 1996-ին հաղթեց ընտրություններում, սակայն չդարձավ պետության ղեկավար՝ Տեր-Պետրոսյանի կողմից իշխանության փաստացի բռնազավթման պատճառով։

Այսօր Վազգեն Մանուկյանը կրկին միավորված ընդդիմության թեկնածուն է, ընդ որում՝ նրա դեմ պայքարում, ում անվանում են Տեր-Պետրոսյանի աշակերտն ու հետնորդը։ Ասացվածքը պնդում է, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում, բայց տվյալ դեպքում դա ավելի շուտ բացառություն է, որը հաստատում է կանոնը: Հաշվի առնելով հայաստանյան քաղաքական ուժերի և առանձին գործիչների ավանդական հավակնությունները, Մանուկյանին կրկին առաջադրելու փաստը շատ բանի մասին է վկայում։ Եվ առաջին հերթին՝ նրա արժանիքների և ունակությունների ճանաչման, ինչպես նաև հավատի՝ 74-ամյա քաղաքական գործչի մարդկային պարկեշտության նկատմամբ։

Անձամբ Մանուկյանի համար սա հնարավորություն է՝ վերջապես գլխավորելու Հայաստանի Հանրապետությունը, որի ստեղծման գործում նա այնքան ջանքեր է ներդրել։ Այդ իմաստով պատմությունը նրան եզակի հնարավորություն է տալիս ապացուցելու, որ ի դեմս իրեն՝ մեր ժողովուրդն ունի արժանավայել առաջնորդ, որի համար պետության ղեկավարումը միշտ եղել է ոչ թե հավակնոտ նպատակ, այլ խորապես գիտակցված պարտականություն։ Այսօրվա իրավիճակը, երբ միայն շատ խիզախ և ուժեղ մարդը կարող էր համաձայնել իր վրա վերցնել այդչափ մեծ պատասխանատվություն, հենց այդպիսի հնարավորություն է և դրա առավել քան լավագույն ապացույց։