Անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զանգելանի տարածքում անհետ կորած զինվորների ծնողներն այսօր առավոտից դարձյալ Էջմիածնի զորամասի մոտ են։ Նրանք պատասխան են պահանջում` ինչպես եղավ, որ 60 հոգանոց խմբից 34 զինվորներն անհետ կորան։

 

Նույն ծնողներն այստեղ էին նաև դեկտեմբերի մեկին։ Մեկ շաբաթ առաջ անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ իրենց խոստացել էին՝ երկու օրից լուր տալ։ Բայց այդպես էլ ոչ մի լուր չեն տվել։ Ծնողների խոսքով, բոլոր տղաները քիմիկոսներ են։

Տղաներից մեկի մայրը` Անահիտ Ադոյանը, լրագրողներին ասաց, որ ուր ասես դիմել են, արձագանք չկա։

«Ասում են` սպասեք։ Բայց սպասելու տեղ չունենք»,– ասաց Ադոյանը։

Նրա խոսքով` իրենք լուրեր ունեն, որ ոմանք գերեվարվել են, բայց դա էլ չի հաստատվում։ 3 զինվորի ծնողներ տեսանյութերում ինչ–որ տղաների նմանեցրել են իրենց որդիներին։ Բայց այդ տեղեկությունն էլ դեռ չի հաստատվել։

Զորամասի առաջ հավաքված ծնողները զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանից պահանջում են պատասխան տալ՝ ինչի համար տարավ իրենց տղաներին կրակը գցեց։

«Այլևս չենք խնդրում, այլ պահանջում ենք։ Թող մեր երեխեքին բերեն ու մեզ տան»,– ասում են նրանք։

Ըստ ծնողների` իրենց երեխաներին Զանգելան են տարել, երբ Զանգելանն արդեն երկու ժամ առաջ գրավված է եղել։

«Տարել են, իբր, ականապատելու, բայց շրջափակման մեջ են ընկել»,– ասաց պայմանագրային զինծառայող Գևորգ Կարապետյանի մայրը` Կիմա Ավետիսյանը։

Ծնողները նաև նշում են, որ անհետ կորածներից ոմանց աշխատավարձերն են կտրել, բայց նրանք ընտանիքներ, անչափահաս երեխաներ ունեն։

Որոշ ժամանակ անց զորամասի հրամանատարը հանդիպեց զինվորների ծնողներին ու ասաց. «Գնամ վերադասից թույլտվություն վերցնեմ, որ միանամ ձեզ»։

Ծնողները սպասում են հրամանատարի պատասխանին, որ նրա հետ, կամ առանց նրա գնան Պաշտպանության նախարարություն։

Ավելի ուշ Sputnik Արմենիայի թղթակիցը Էջմիածնից հայտնեց, բողոքի ակցիայի մասնակիցները գնում են Պաշտպանության նախարարություն։ Նրանց խոստացել են ընդունլ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը և Հ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ Վարդան Նշանյանը։