«Սարհլդան» նախաձեռնության կոչը՝ եզդիներին

Եզդի երիտասարդների հիմնադրած «Սարհլդան» նախաձեռնությունը պահի լրջությունը գիտակցող եզդիներին կոչ է անում միանալ խաղաղ անհնազանդության գործողություններին: Արձագանքելով Իշխան Սաղաթելյանի կոչին՝ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, տեղեկացնում է Aysor.am:

«Սիրելի մեր եզդի եղբայրներ և քույրեր, Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում մենք պարտավոր ենք կանգնել արհավիրքի դեմ և թույլ չտալ, որպեսզի գործող իշխանությունների քյալերը մեր երկիրը տանեն դեպի կործանում։ Դիմում ենք բոլոր այն եզդիներին, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և իրենց դերակատարումը հայրենիքի փրկության գործում, ոտքի կանգնել ու միանալ խաղաղ անհնազանդության գործողություններին։

Մեր խնդիրը իշխանություն-ընդդիմություն երկընտարնքի մեջ չէ, մեր խնդիրը Հայաստան ունենալու և այն կորցնելու երկընտրանքի մեջ է։ Մենք ընտրում ենք Հայաստան ունենալը, մենք ընտրում ենք անվտանգությունն ու հանրային համերաշխությունը և հենց սրա համար է անհրաժեշտ, որպեսզի օր առաջ այս իշխանությունները հեռանան։

Այս գաղափարը, իհարկե, համայնքում բոլորը չէ, որ կիսում են, բայց պետք է հասցնել բոլոր բոլորին, որ Հայաստանի փրկությունը քաղաքական հայացքների կամ կուսակցականության հարց չէ, այն սրբազան պարտք է։ Մենք վստահ ենք, որ այս պայքարը հաղթանակի է տանելու», - ասված է հայտարարության մեջ։